Մատչելիության հղումներ

Երևանում հայ - ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձան բացվեց


«Միացյալ Խաչ» արձանի բացման արարողությունը, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

«Միացյալ Խաչ» արձանի բացման արարողությունը, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Նույնպիսի արձան Մոսկվայում տեղադրվել է դեռևս 1997-ին:

Երկուշաբթի առավոտյան Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում՝ Միքայել Նալբանդյանի հուշարձանի դիմաց, բացվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» արձանը։

Արձանի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ, Հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանը, ռուսական կողմից ամենաբարձրաստիճան պաշտոնյան տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն էր՝ միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահը։

«Այսօր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ձեռք են բերում ռազմավարական նշանակություն, այդ մասին է վկայում այսօրվա ամենաբարձր պետական մակարդակով այցը Հայաստան: Մեր երկրների հարաբերություններում սկսվում է բոլորովին նոր, շատ կարևոր փուլ, որը միտված է ապագայի համատեղ զարգացմանը», - հայտարարեց Ռուսաստանի տրանսպորտի նախարարը:

Ե՛վ Տիգրան Սարգսյանը, և՛ Մաքսիմ Սոկոլովը ելույթ ունեցան ռուսերեն, հավաքված տասնյակ Հայաստանի քաղաքացիների համար այդպես էլ որևէ մեկը չթարգմանեց ելույթները:

«Այս նշանակալի միջոցառմանը հատուկ կարևորություն է հաղորդում այն, որ այս միջոցառումը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի շրջանակներում», - հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ շարունակելով․ - «Հայ - ռուսական արդի հարաբերությունները ունեն հատուկ, բացառիկ բնույթ, դրանք ոչ միայն դաշնակցային, ռազմավարական գործընկերության ու դինամիկ զարգացող գործընկերության հարաբերություններ են, այլև հարաբերություններ են՝ ամրապնդված ընդհանուր արժեքների վրա խարսխված դարավոր բարեկամությամբ»։

Արձանի պատվանդանի գրությունը ելույթներին համահունչ էր՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»։

Արձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Նույն արձանի առաջին օրինակը դեռևս 1997-ին տեղադրվել է Մոսկվայում։

Այսօր Երևանում արձանի շրջակա բոլոր խաչմերուկները փակ էին վաղ առավոտից։ Չնայած միջոցառման մասին նախապես որևէ հայտարարություն չէր հնչել, ներկա էին պետական հիմնարկների՝ մանկապարտեզների, դպրոցների տասնյակ աշխատակիցներ՝ հիմնականում կանայք, Ռուսաստանի և Հայաստանի պետական դրոշները ձեռքներին։
XS
SM
MD
LG