Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան տասից ավելի քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ:

Ժամը 11-ին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ոստիկանության տարբեր բաժիններում գտնվում է 11 ակտիվիստ:

Ակտիվիստներից մեկի՝ Մարիա Հովսեփյանի փաստաբան Արգիշտի Կիվիրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իր վստահորդին առավոտյան ժամը 9-ին բռնի իջեցրել են տաքսի ավտոմեքենայից և տարել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Կիվիրյանն ասաց, որ մինչ ժամը 11-ը որևէ պատճառաբանություն չկա, թե ինչու են քաղաքացուն տարել ոստիկանության բաժին:

Ակտիվիստ Անի Կաղինյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ առավոտյան ժամը 8:40-ից իրեն և ընկերուհուն՝ Նանե Մինասյանին Աճառյան փողոցից հետևել են երկու ոստիկաններ, որոնք նրանց սկսել են հետապնդել նաև մեքենայով: Ժամը 10:30, երբ այցելեցինք Անի Կաղինյանի բնակարան, նա պատմեց, որ քաղաքացիական հագուստով մի քանի անձ առանց ներկայանալու իրեն հրավիրել են ոստիկանության բաժին:

Նույն ժամին «Ազատություն» ռադիոկայանը արձանագրեց, որ Անի Կաղինյանի բնակարանի մոտ 35OV930 պետհամարանիշով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի մեջ քաղաքացիական հագուստով անձինք են, որոնք ավելի ուշ ներկայացան որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ:

Ավելի ուշ ժամանեց նաև քաղաքացիական հագուստով մեկ այլ անձ, որը ներկայացավ որպես ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Խաչատրյան: Նա ևս Կաղինյանին բանավոր, առանց ծանուցագրի, առանց պատճառներ նշելու հրավիրեց ոստիկանության բաժին:

Անի Կաղինյանը հրաժարվում է ներկայանալ բաժին՝ պատճառաբանելով, որ իրավական հիմք չկա իրեն բաժին տանելու համար:

Այստեղ է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ռոբերտ Մեսրոպյանը:

Ոստիկանության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Անի Կաղինյանին հրավիրում են վարչական իրավախախտման համար, բայց չնշեցին, թե կոնկրետ ինչպիսի:

Ոստիկանության պաշտոնյաները նաև կանգնեցին տաքսի ավտոմեքենայի դիմաց, որով Կաղինյանը և Մինասյանը ցանկանում էին մեկնել աշխատանքի, և խոչընդոտեցին դրա ընթացքը: Ավելին, իրավապահները փակեցին օմբուդսմենի գրասենյակի մեքենայի ճանապարհը, ուր տեղափոխվեցին ակտիվիստները: Ի վերջո, երկարատև քննարկումներից հետո ոստիկանները տեղի տվեցին, և ակտիվիստները օմբուդսմենի գրասենյակի մեքենայով մեկնեցին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հաղորդում տալու: Ոստիկանները որոշեցին նրանց հետևել իրենց մեքենայով:

Մոտ մեկ կիլոմետր ճանապարհ անցնելուց հետո ոստիկանները կանգնեցրեցին օմբուդսմենի գրասենյակի մեքենան և ցանկանում են բերման ենթարկել երկու ակտիվիստներին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG