Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարին միացան երեխաները


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին այսօր միացել էին ակտիվիստների երեխաները:

«Մի նեղացրեք մեր ծնողներին» խորագրով մանկական նկարների ցուցահանդես էր կազմակերպվել Սիրահարների այգում։ Երեխաները նկարել էին իրենց ընտանիքները և, դրանք ի ցույց դնելով, փաստորեն, կառավարությունից պահանջում էին չկրճատել իրենց ծնողների աշխատավարձը, ինչը անդրադառնալու էր հենց իրենց վրա:

Ժամանակները փոխվել են, և երեխաներն են այս պահին դուրս եկել փողոց՝ ծնողների պաշտպանելու, այս ակցիայի ընթացքում ասում էին ակտիվիստ-ծնողները։

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր երեխաներն են կանգնում մեր կողքին, որովհետև հակառակ դեպքում նրանց ծնողները ստիպված են լինելու կրկնակի աշխատանք վերցնել»,- ասում էր ծնողներից մեկը։

«Էս օրենքը ընտանեկան բյուջե հասկացողությունը հաշվի չի առնում, որ մի հոգի աշխատում է, պահում է 3-4 հոգու»,- ասում էր մեկ այլ ծնող։

Ակցիայի մասնակից երեխաները ծնողների ուղեկցությամբ Սիրահարների այգուց շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենքը՝ մանկական ստեղծագործությունները ԱԺ պատգամավորներին նվիրելու: Սակայն ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը՝ մեղադրելով ակտիվիստներին երեխաներին սադրելու համար:

Խորհրդարանի շենքից ցուցարարներին ընդառաջ դուրս եկավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով խոստացավ հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայի ընթացքում նկարները նվիրել պատգամավորներին։

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ չորս խմբակցություններով պայմանավորվել են երկուշաբթի օրը մինչև ժամը 12-ը այս խնդրի վերաբերյալ նախագիծ ներկայացնել ԱԺ նախագահին, որն առանց ԱԺ մեծամասնության քննարկման կընդգրկվի քառօրյայի օրակարգում և կքննարկվի արտահերթ։

«Հայտարարության նախագծում մենք ամրագրել ենք առաջարկներ կառավարությանը, Կենտրոնական բանկին, որպեսզի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ քննարկենք կասեցնելու, հետաձգելու հարցը, մինչև այդ հայտարարության մեջ նշված պայմանների իրագործումը կամ առնվազն մինչև 2015 թվականի հունվարի 1-ը,այդ ընթացքում իրականացնել մասնագիտական հանրային լայն քննարկումներ, մշակել կենսաթոշակային բարեփոխումների նոր սցենարներ, այդ թվում նաև պարտադիր բաղադրիչը հանելու դեպքում։ Դրանից հետո՝ վերջնական սցենարները մշակելուց հետո, առաջարկում ենք դնել համաժողովրդական հանրաքվեի»,- ասաց Մինասյանը։

Եթե նույնիսկ քաղաքական մեծամասնությունը չներկայանա այս քննարկմանը, պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված մտահոգությունը կհնչի խորհրդարանում:

Պատասխանելով մեր հարցին, թե մտադիր են արդյոք ԱԺ պատգամավորները հարցը հասցնել մինչև Սահմանադրական դատարան, Արծվիկ Մինասյանն ասաց.- «Վստահ եմ, որ եթե մենք այստեղ հաջողություն չարձանագրենք, ապա հավանաբար կդիմենք նաև այդ քայլին»։
XS
SM
MD
LG