Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի համար Վիլնյուսը վերջնակետ չէր. Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է ֆինանսների նախարարություն, որտեղ կայացած խորհրդակցությունից հետո աշխատակիցների հետ զրույցում անդրադարձել է Եվրամիության Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքներին։

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ Հայաստանի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ «նորմալ»։

«Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել, ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, և՛ մեզ համար, և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության: Իսկ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաև փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին»,- ասել է Հայաստանի նախագահը։

Վիլնյուսում, հիշեցնենք, ուրբաթ օրը Հայաստանը և Եվրամիությունը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ «վերահաստատելով իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»։ Կողմերը նաև արձանագրեցին, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն «չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»։

«Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, և՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, և այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ»,- այսօր ասել է Հայաստանի նախագահը՝ «հանգրվանային» համարելով ՀՀ-ի և ԵՄ-ի համատեղ հայտարարությունը։

Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ Հայաստանը շարունակելու է բարեփոխումները.- «Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ և ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:
XS
SM
MD
LG