Մատչելիության հղումներ

Դեսպան. ԱՄՆ-ը կշարունակի խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

Միացյալ Նահանգները կշարունակի խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կթողնի Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, որից հետո էլ Հայաստանի ու միության միջև ձեռք բերվեցին ու կնքվեցին մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում նաև այն, որ Հայաստանը այլևս իրավունք չունի Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված միության շահերի դեմ հանդես գալ որևէ հայտարարությամբ կամ կատարել որևէ քայլ, շատերը չեն դադարում մտահոգություն հնչեցնել, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, իսկ Մաքսային միությունն էլ իրականում ունի մեկ նպատակ՝ վերակենդանացնել Խորհրդային Միությունը:

«Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ձեր կառավարությունը իրավունք ունի այս կամ այն միություններին միանալու որոշումներ կայացնել, և ես որևէ կարծիք չեմ կարող ասել այս կապակցությամբ: Բայց այն, ինչ ես կարող եմ ասել հետևյալն է՝ սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումից հետո Հայաստանը բազմաթիվ ազդանշաններ է ուղարկել, որ ցանկանում է շարունակել իր բարեփոխումները և համագործակցությունը Արևմուտքի՝ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, և մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ բոլոր այն ուղղություններով, որ կցանկանա Հայաստանը»,- ասաց դեսպան Հեֆերնը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպանը տեղեկացրեց, որ պետքարտուղար Քերրին հանձնարարություն է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին «թարմացնել կարգավորման գործընթացը»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահը՝ դեսպան Ջեյմս Ուորլիքը, մի քանի անգամ արդեն եղել է Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոր հանձնարարություն է տվել՝ թարմացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ցանկացած ճանապարհով, որով մենք կկարողանանք դա անել, և նպաստել, որ կողմերը ընդլայնեն իրենց ճկունությունը, ստեղծագործ մոտեցումը՝ վերսկսելու բանակցային գործընթացը»,- ասաց ԱՄՆ-ի դեսպանը։

Ըստ Հեֆերնի՝ Միացյալ Նահանգները շարունակում է նաև ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

Օրերս հայտնի դարձավ հայ-ամերիկյան գործարար պատմության մեջ իր ծավալներով աննախադեպ մի գործարքի մասին՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» ձեռք է բերելու ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը։ Այս տեղեկությունը հրապարակվեց Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կայացավ ամերիկա-հայկական աշխատանքային խմբի հերթական տարեկան նիստը, որը կենտրոնացավ տնտեսական հարցերի՝ հատկապես առևտրի ու ներդրումների շուրջ: Մեծ հաջողություն էր․․․ մենք կարող ենք հայտարարել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում ամերիկյան մեծ՝ 180 միլիոն դոլարի ներդրման մասին, սա առաջին ամերիկյան ներդրումն է Հայաստանի էներգետիկ համակարգում։ Սա կարևոր է ու ոգևորիչ: Երկրորդ կարևոր արդյունքը այն է, որ մենք սկսել ենք երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու գործընթաց, որը կընդլայնի արտոնագիր ստանալու իրավունք ունեցողների շրջանակը, և արտոնագրերը կտրվեն ավելի երկար ժամկետներով: Այս գործընթացը կտևի մի քանի ամիս»,- ասաց Հեֆերնը՝ շարունակելով.- «Երրորդ ուղղությունը հիմնված է Հայաստանի կառավարության շատ դրական որոշման վրա՝ ազատականացնել քաղաքացիական ավիացիայի ոլորտը․ Հայաստանի վարչապետը այս մասին հայտարարեց մի քանի շաբաթ առաջ: Այս հարցի հետ կապված մենք աշխատելու ենք Հայաստանի կառավարության հետ օրենսդրական դաշտում՝ վստահ լինելու, որ այս գործընթացը հաջողություն կունենա, և սա լուրջ ազդեցություն կունենա նաև [Հայաստանում] զբոսաշրջության զարգացման վրա: Այս երեք հարցերն ենք քննարկել, և կարծում եմ՝ այս ուղղություններով ամերիկա-հայկական համագործակցությունը կընդլայնվի»:

ԱՄՆ դեսպանին խնդրեցինք կարծիք հայտնել, թե ինչքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կրկին կկարողանա ֆինանսավորում ստանալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի շրջանակում:

Նոյեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ կորպորացիան դրական է գնահատել Հայաստանում 2006-2011թթ․ ընթացքում իր կողմից իրականացված ծրագրի արդյունքները, ինչը իրավունք է տալիս կրկին դիմել նոր ծրագրի համար։ Եվ մոտ երկու շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստվում է դիմել կորպորացիային՝ նոր ծրագրի համար:

«Շնորհավորում ենք Հայաստանին դրական գնահատական ստանալու համար և սա լավ բան է: Սկզբունքորեն Հայաստանը կարող է դիմել նոր ծրագրի համար, սակայն մրցակցությունը շատ լուրջ է, և մենք այս մասին ասել ենք Հայաստանի վարչապետին ու ֆինանսների նախարարին։ Հայաստանից բացի կան 14 երկրներ, որոնք նույնպես համապատասխանում են ծրագրին դիմելու չափանիշներին, բայց միևնույն ժամանակ ֆինանսական միջոցները շատ սահմանափակ են: Ուստի, մրցակցությունը շատ լուրջ է լինելու, և ես լավատես չեմ»,- ասաց ԱՄՆ-ի դեսպանը։
XS
SM
MD
LG