Մատչելիության հղումներ

Հայաստանում վերջին տարիներին մարդու իմունային անբավարարության վարակ (ՄԻԱՎ) ձեռք բերած մարդկանց մեծ մասը վարակվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, սեռական ճանապարհով, «Ազատության» հետ զրույցում հայտնեց ՄԻԱՎ վարակակիրներին աջակցություն ցույց տվող հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը։

«Եթե հինգ տարի առաջ հիմնական ուղին թմրամիջոցների ներարկային օգտագործումն էր, հիմա առաջին տեղում է հետերոսեքսուալ ճանապարհը։ Հիմա [ՄԻԱՎ վարակակիրների շարքում] առաջին տեղում են արտագնա աշխատողները և իրենց սեռական զուգընկերները։ Դեպքերի գրեթե 80 տոկոսը կապված է միգրացիայի հետ։ Դա մարդն է, ով վարակվել է դրսում գտնվելու ընթացքում, և նրա կինը կամ սեռական զուգընկերը»,- ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահը։

Ռուսաստանը, որտեղ վարակը ձեռք են բերում հայ հիվանդների ճնշող մեծամասնությունը, այսօր ՄԻԱՎ-ի տարածվածությամբ զիջում է միայն որոշ աֆրիկյան երկրների։ Ռուսաստանի համեմատ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը փոքր է, բայց փոքր չէ, երբ այն դիտարկում ենք աշխարհի մի շարք զարգացած երկրների, օրինակ, Միացյալ Նահանգների, Կանադայի բնակչության ընդհանուր թվի հարաբերակցության համատեքստում։

Գրանցված հիվանդների թիվը Հայաստանում 1586 է։ Ըստ պաշտոնական այլ տվյալի՝ իրականում Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր է մոտ 3500 մարդ։ Ամեն տարի հիվանդների թիվն ավելանում է, բայց հայտնի չէ՝ դա պայմանավորված է պաշտոնական գրանցումների՞, թե հենց հիվանդների թվի աճով։ Թեև այս հիվանդությունը համարվում է անբուժելի, վաղ շրջանում հայտնաբերելիս բժիշկները մի քանի տասնյակ տարիներով երկարացնում են հիվանդների կյանքը։

Եթե նշված 3500 վարակակիրների կեսը գրանցված է և դեղորայք ու բուժում է ստանում, ապա մյուս կեսը կամ նախընտրում է լռել այն մասին, որ վարակակիր է, կամ չգիտի իր կարգավիճակի մասին։ Իսկ այն մարդիկ որոնք իրենց հիվանդության մասին տեղեկանում են վաղ շրջանում, կարող են ապրել միջինում ևս 46 տարի։

«Խոսքը ժամանակին բուժումը սկսելու մասին է, մենք անցած տարի ունեցել ենք 228 դեպք, 21 հոգին ախտորոշում ստանալուց հետո երեք ամիս էլ չեն ապրել։ Եղել են դեպքեր, երբ մարդը չի հասցրել ախտորոշում ստանալ, այսինքն իրենից արյուն վերցրել են, ինքը մահացել է»,- ասում է Մադոյանը։

Մարդիկ հաճախ չեն հետազոտվում, որովհետև վախենում են վարակված լինելու պարագայում հասարակության վատ վերաբերմունքից, հետևաբար «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության տնօրենն ասում է, որ ՄԻԱՎ-ը աշխարհում համարվում է ոչ միայն պարզապես իմունային հիվանդություն, այլև հասարակական լուրջ խնդիր։ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ հասարակությունից հաճախ մեկուսացած են ու արհամարհված, չնայած հիվանդությունը փոխանցվում է միայն սեռական ճանապարհով կամ արյան միջոցով։

«Դեկտեմբերի 1-ին ամենաբարձր ներկայացուցիչը, որ խոսում է, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է։ ԱՄՆ-ում Օբաման է խոսում այդ օրը։ Երևի ինքն էլ ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այդ օրը խոսում է, որովհետև այդ մակարդակի պետական մակարդակի խոսքը արժի տասը քարոզարշավ։ Տոկոսային առումով, ընդհանուր բնակչության թվով մեզ մոտ Ամերիկայի հետ համեմատելի թվեր են, ընդ որում մեզ մոտ մահացության առումով ավելի վատ է վիճակը, մենք ունենք խոցելիության շատ կարևոր կոմպոնենտ՝ միգրացիայի բարձր ցուցանիշ դեպի Ռուսաստան»,- ասում է Մադոյանը։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակ ունեցող մարդկանց բուժումը Հայաստանում դեռևս անվճար է դրամաշնորհային ծրագրի շնորհիվ։ Ծրագիրը Հայաստանում կֆինանսավորվի մինչև 2015 թվականը։
XS
SM
MD
LG