Մատչելիության հղումներ

Երևանում Վլադիմիր Պուտինին բողոքի ակցիաներով կդիմավորեն


Դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կդիմավորեն բողոքի ակցիաներով։

Հատուկ այդ նպատակով ստեղծվել է «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը, որը միավորում է «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում միավորում», «Երրորդ հանրապետություն», «Հայազն» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ։

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամներ՝ «Ժառանգությունից» Հրայր Մանուկյանի և «Ազատ դեմոկրատներից» Նարեկ Այվազյանի խոսքով, բողոքի ակցիան մեկնարկելու է Ազատության հրապարակում ժամը 1-ին, այնուհետև երթով շարժվելու են դեպքի կառավարություն, այստեղ հատուկ ակցիա են նախատեսել, որի մասին դեռ չեն բարձրաձայնում։ Կառավարությունից հետո ցուցարարները Մաշտոցի պողոտա-Բաղրամյան ուղղությամբ շարժվելու են դեպի նախագահական նստավայր։

«Կոնկրետ պահանջներ ենք ներկայացնելու, փորձելու ենք համատեղ մշակել այնպիսի պահանջներ, որոնք ներկայացնեն ՀՀ քաղաքացու պահանջները։ Թվարկեմ դրանք՝ հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել ՀՀ սահմանադրության համաձայն, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը և հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից»,- ասաց Նարեկ Այվազյանը։

Ակցիայի կազմակերպիչները շեշտեցին, որ այն ոչ միայն Վլադիմիր Պուտինի դեմ է ուղղված, բողոքի ակցիայով Հայաստանի իշխանություններին տեղյակ են պահելու իրենց պահանջների մասին։

«Դեկտեմբերի 2-ը խորհրդանշական օր է, 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացման հետ է համընկնում, այդ օրը անկախ ամեն ինչից պետք էր անել նման ակցիա, քանզի մեզ բռնակցում են մի միության, որին կողմ չէ հայ ժողովուրդը»,- ասաց Այվազյանը։

Պուտինի այցի օրը պաշտոնական միջոցառումների մի մասը տեղի է ունենալու հենց նախագահական նստավայրում։ Ոստիկանությունը արդեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ այդ օրը փակ են լինելու. թե կոնկրետ որ փողոցները հաղորդագրությունում ամբողջությամբ չի նշվում, միայն խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց։

Այն հարցին, թե ինչ կանեն ակցիայի մասնակիցները, եթե նրանց արգելվի երթով շարժվել Բաղրամյան 26, կազմակերպիչները ասացին, որ եթե իրենց օրենքի սահմաններում չբացատրեն, թե ինչու են արգելում, ապա իրենք պարզապես չեն ենթարկվի այդ պահանջներին։

«Վստահ ենք, որ սա լինելու է ՄՄ-ի դեմ մինչ այժմ իրականացված բոլոր ակցիաներից ամենամարդաշատն ու ամենազդեցիկը»,- ասաց Հրայր Մանուկյանը։

Բողոքի ակցիաների կազմակերպիչների խոսքով՝ ընդհանուր առմամբ այդ օրը մինչև 5 ժամանոց ակցիաներ են նախատեսել։ Լայն իրազեկում են անցկացրել նաև սոցցանցերում, սպասվում է, որ մասնակիցների թիվը կգերազանցի մի քանի հարյուրը։ Ակցիաներ կլինեն նաև ապագայում՝ ամեն ինչ կորոշվի դեկտեմբերի 2-ին։

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այցի օրը նախատեսվելիք բողոքի ակցիաներին՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ մեր հասարակության համար դա նորություն չէ. ըստ նրա՝ ցանկացած բան փորձում են ինչ-որ ձևով աղաղակել, աղավաղել, այնպես որ ինքը դրան փիլիսոփայորեն է մոտենում։ Ոստիկանությունը պատրաստ է այդ ակցիաներին, հավելել էր ոստիկանապետը։
XS
SM
MD
LG