Մատչելիության հղումներ

Ոստիկանները Կիևի Անկախության հրապարակում ցրել են ցուցարարներին


Ոստիկանությունը ցրում է ցուցարաներին, Կիև
Ոստիկանությունը ցրում է ցուցարաներին, Կիև
Այսօր վաղ առավոտյան լույսը չբացված, ժամը 4-ի սահմաններում Ուկրաինայի հատուկ ջոկատայինները Կիևի Անկախության հրապարակում ցրել են ցուցարարներին։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը հաղորդում է, որ այդ պահին հրապարակում մնացել էր մոտ հազար ցուցարար։ «Բերկուտ» կոչվող ջոկատայինները հարձակվել են նրանց վրա, հարվածել ռետինե մահակներով, քարշ տվել գետնի վրայով, հարվածել ոտքերով: Առնվազն 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Իրադարձությունների ականատես, Գերագույն Ռադայի պատգամավոր Անդրեյ Շևչենկոն «Թվիթերի» իր էջում գրել է.- «Մայդանը գազանաբար մաքրեցին։ Տասնյակ վիրավորներ: Տասնյակ բերման ենթարկվածներ։ Ուկրաինան նման բան դեռ չէր տեսել»։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ 35 մարդ է բերման ենթարկվել ոստիկաններին դիմադրելու համար:

ԱՄՆ-ի դեսպանատունը այսօր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ցուցարարների դեմ բռնությունները և կառավարությանը հորդորելով հարգել քաղաքացիական հասարակության իրավունքները:

Կիևում նոյեմբերի 21-ից անժամկետ ցույցեր են անցկացվում, ցուցարարները իշխանություններից պահանջում են ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

Երեկ Վիլնյուսում ավարտվեց Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Ուկրաինան չստորագրեց համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG