Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները քննադատում են Վիլնյուսում ընդունված հայտարարությունը


Եվրամիություն֊-Հայաստան համատեղ հայտարարությունը՝ թույլ և անհեռանկարային
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Եվրամիություն֊-Հայաստան համատեղ հայտարարությունը՝ թույլ և անհեռանկարային

Չնայած մեր իշխանությունների պատրաստակամությանը՝ Եվրոպան հրաժարվեց Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական Միությունը միայն համատեղ հայտարարություն ընդունեցին, որով դատական համակարգի շարունակական բարելավման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանման, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության ամրապնդման, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործման հանձնառության մասին խոսեցին:

Քանի որ ամբողջովին բանակցված համաձայնագիրն այդպես էլ չնախաստորագրվեց, ինչպե՞ս է այդ հանձնառությունն իրականացվելու՝ դեռ պարզ չէ, հիմքերն ապագայում են ճշտվելու:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վիլնյուսյան գագաթնաժողովը «երկուստեք դեմքը փրկելու» քայլ համարեց:

«Սա ընդամենը ոչ բովանդակային, ընդամենը առկա իրավիճակը ինչ-որ ձևով ֆիքսող հայտարարություն է», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարծում է՝ Վիլնյուսում շատ ցածր մակարդակի հայտարարություն ընդունվեց:

«Ընդամենը չորս պարբերություն է: Խոսքը գնում է շարունակական բարեփոխումների մասին: Ուզում եմ նշել, որ այդ ոլորտներից մի քանիսը, հատկապես՝ օրենքի գերակայություն, դատական համակարգ, պայքար կոռուպցիայի դեմ, իշխանությունները որևէ քայլ չեն կատարել այդ ուղղությամբ և արժեր, որ Եվրամիությունը իրավիճակին համարժեք գնահատական տա», - նշեց Շահնազարյանը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ասաց՝ հայտարարությունը փաստաթուղթ չէ: Կար բանակցված փաստաթուղթ՝ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում՝ քաղաքական բարեփոխումների մասով: Դրանից չօգտվեցին, նկատեց նա․ - «Մենք այսօր խոսում ենք մեր տնտեսական խնդիրների մասին՝ ակունքը քաղաքական է: Մեր ընտրությունն է, մեր քաղաքական ղեկավարության, քաղաքական վերնախավի վճիռն է: Խնդրեմ՝ մարդիկ նստած են պառլամենտում՝ իշխող կուսակցությունը: Գիտեք՝ բիզնես և այլն: Թքում են Սահմանադրության վրա»:

Հայաստանի իշխանությունների նախընտրած «և-և»-ի քաղաքականությունը, ասաց Արմեն Մարտիրոսյանը, ժամանակը ցույց տվեց, որ անիրագործելի է: Օլիգարխիկ տնտեսության պայմաններում ժողովրդավարական բարեփոխումների ուղիով չես քայլի:

«Չի լինում այնպես, որ մենք գնում ենք սառուցյալ որևէ վայր և շոգեբաղնիքի նման քրտնում ենք: Այդպես չի լինում: Եթե դու գնում ես Մաքսային միություն, որտեղ բռնապետական ռեժիմներ են բոլոր երեք երկրներում, բնականաբար դու այդ ավտորիտարիզմի գլխարկը պետք է հագցնես քո գլխին և բնականաբար դու պետք է այդ պետություններում առկա տնտեսական հարաբերությունները կիրառես: Եվ ոչ միայն տնտեսական հարաբերությունները կիրառես, այլ նաև կառավարման այդ մեթոդոլոգիան, ավանդույթները: Իսկ դա ժողովրդավարական պրոցեսներից միլիոնավոր կիլոմետրեր հեռու է»:

«Ժառանգության» ներկայացուցիչն ասաց՝ Հայաստանից եվրոպացիները ձեռք են քաշել: Իրավիճակից միակ ելքը, նրա կարծիքով, իշխանափոխությունն է․ - «Այսօր Հայաստանի անունը ոչ մեկը այնտեղ չի տալիս: Ի հակադրություն դրա, մինչդեռ, Ադրբեջանը, որը որևէ ձևով ոչ պետք է ստորագրեր, ոչ նախաստորագրեր, Ադրբեջանի մասին են այսօր նույնիսկ խոսում այնտեղ, բայց Հայաստանը ընդհանրապես մոռացության է մատնված և սա հենց իշխանությունների կատարած հետևողական աշխատանքն է»:

Մեզ հետ զրույցում Շահնազարյանը չափազանց կարևորեց նաև Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հայտարարությունը․ - «Որ ցավում է, որ Ուկրաինայի հետ չի ստորագրում և Հայաստանի հետ չի նախաստորագրում Ասոցացման պայմանագիրը, բայց այնուամենայնիվ ասում է, որ բաց է այդ պայմանագիրը և հարմար պահի այն պետք է ստորագրվի ու նախաստորագրվի: Իհարկե՝ նախաստորագրվի Հայաստանի հետ, առանց արտաքին ճնշումների: Ակնհայտ է, որ նկատի ունի Ռուսաստանը, որը այս պահին ահավոր ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ստեղծված իրավիճակում Եվրոպային էլ է մեղադրում․ - «Եվրոպան բոլոր նախադրյալները ստեղծեց, որ հենց այսպես լինի: Հիշեցնեմ՝ 2008 թվականը, ոչ լեգիտիմ իշխանության գոյության հետ համակերպվելը: Ավելի գլոբալ խնդիրներ կան՝ անվտանգության խնդիրը, Ղարաբաղի խնդիրը․․․ Եվրոպան ուղղակի մասնակից է այսօրվա մեր այսպիսի զարգացումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG