Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը վճռական է՝ «տրամաբանական ավարտին հասցնել կենսաթոշակային բարեփոխումները»: Այսօր Դիլիջանում կայացած Բիզնես ինովացիոն ֆորումի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ֆորումը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Նշենք, որ իշխանությունների նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումներին, որոնք պետք է ուժի մեջ մտնեն գալիք տարվա հունվարի 1-ից և պարտադիր են լինելու 1974թ․-ից հետո ծնվածների համար, հատկապես սուր արձագանքեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները: Նրանց աշխատավարձերը բավական բարձր են, և բարեփոխումները ուժի մեջ մտնելուց հետո, ըստ տարբեր հաշվարկների, փաստորեն, կկրճատվեն մինչև 7 տոկոսով:


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր կառավարության կողմից հռչակվել է տնտեսության զարգացման համար գերակա ճյուղ: Անգամ տնտեսական ճգնաժամի ընթացքում՝ 2009թ․, երբ Հայաստանի տնտեսությունը շեշտակի անկում ապրեց՝ ավելի քան 14 տոկոս, ոլորտը աճ գրանցեց՝ մոտ 25 տոկոս: Այդ աճը այսօր էլ շարունակվում է, սակայն ոլորտի ներկայացուցիչները այժմ սպառնում են թողնել Հայաստանը, եթե կառավարությունը չհրաժարվի, ինչպես իրենք են նշում, իրենց աշխատավարձերը ստիպողաբար կրճատելու մտադրությունից:

«Սպառնալիքներ մենք ամեն կառավարության նիստի օրը լսում ենք, ուշադրությամբ հետևում ենք այդ սպառնալիքներին, տեսնում ենք որքանով է դա իրականության հետ առնչվում, ինչ տեսակարար կշիռ է կազմում, իրական պրոբլեմները որոնք են, և, բնականաբար, բոլոր այդ սպառնալիքներին մենք արձագանքում ենք», - այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Ազատության» հարցին՝ կառավարությունը մտադիր չէ՞ փոխել իր դիրքորոշումը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ, վարչապետը պատասխանեց․ - «Մեր դիրքորոշումը մշակվել է 10 տարվա ընթացքում՝ լավագույն մասնագետների ներգրավվածությամբ: Բազմաթիվ դեբատներ են եղել, քննարկումներ են եղել, աշխարհի լավագույն էքսպերտները եկել են Հայաստան, ուսումնասիրել են մեր մշակված ծրագիրը, տվել են եզրակացություններ, լսել ենք մեր ընդդիմախոսներին, նրանց կարծիքները հաշվի ենք առել: Արդյունքում՝ ընդունվել է մի հայեցակարգ, որը Ազգային ժողովի կողմից հաստատվել է օրենքների ձևով: Մենք հասկանում ենք, որ չնայած այս ամբողջ գործընթացին, որ անցել ենք 10 տարիների ընթացքում, կան մարդիկ, որոնք չեն ընդունում այս համակարգը: Մենք հարգում ենք այդ մարդկանց տեսակետը, բայց պարտավոր ենք առաջ գնալ օրենքի պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր տրամադրություններում՝ ռեֆորմները հասցնել տրամաբանական ավարտի»:

Ի դեպ, ֆորումի ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն այսօր ՏՏ ոլորտում կա մասնագետների արտագաղթ, որոնց թիվը չի անցնում 5 տոկոսը, և եթե այդ թիվը, օրինակ, կրկնապատկվի, ապա մինչև 2020 թ․-ը ոլորտը կկարողանա ապահովել տարեկան մինչև 10 տոկոս աճ: Ըստ Վարդանյանի, սա «վատատեսական սցենարն» է:

Կան ևս երկու սցենարներ: Այսպես ասած, «լավ սցենար», երբ մասնագետների արտագաղթը չի աճի, և տարեկան աճը կլինի մոտ 20 տոկոս: Երրորդ՝ «գերազանց սցենար», երբ աճը կկազմի տարեկան 30 տոկոս: Վերջինիս դեպքում, Վարդանյանի խոսքով, ոլորտը 2012-2020թթ․ ընթացքում հարկերի ձևով Հայաստանի պետբյուջե կփոխանցի մոտ 3 միլիարդ դոլար, և դա այն դեպքում, երբ մինչև 2020թ․-ը Հայաստանի արտաքին պարտքը (հաշվի առնելով վերջին երեք տարիների աճի միտումը՝ տարեկան միջինը 6 տոկոս), կկազմի շուրջ 6 միլիարդ դոլար:
XS
SM
MD
LG