Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Վճռաբեկ դատարանը որոշեց բավարարել «Էս Թի Տրանս Մոբիլ» ընկերության բողոքն ու բեկանեց Վերաքննիչ դատարանի վճիռը՝ համաձայն որի վերոնշյալ ընկերությունը պարտավորվում էր վճարել 66-ամյա նախկին վարորդ Հայկ Գասպարյանի 3 տարվա չվճարած աշխատավարձը։ Վճռաբեկը գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան նոր քննության։

Հիշեցնեմ, որ երթուղայինի նախկին վարորդ Հայկ Գասպարյանը միակն էր, ով դուրս եկավ գծատիրոջ դեմ ու հրապարակայնորեն խոսեց վարորդների աշխատանքային վատ պայմանների, աշխատանքային ժամերի չարաշահումների ու չվճարվող աշխատավարձերի մասին։

Գասպարյանը միակն էր, նաև ով դիմեց դատարան իր իրավունքները պաշտպանելու համար։ Նա գծատիրոջից՝ «Էս Թի Տրանս Մոբիլ» ընկերությունից պահանջեց բռնագանձել 3 տարվա չվճարված աշխատավարձը, որը կազմում էր ավելի քան 1 միլիոն դրամ։ Նա դատական երկու ատյաններում էլ գործը շահեց ու վճռից էլ բավարարված էր։

«Ես նույնիսկ ասում էի լավ, որ գումարը քիչ է, ոչինչ, ես սրտիս վիրահատությունը կանեմ, որ իրենց պատճառով արդեն ինֆարկտ եմ ստանում, էդ հարցերը կկարգավորեմ, կանցնի կգնա ու էս գլխացավանքից հեռու կմնամ։ Փաստորեն ես իրենցից աղա եմ»,- ասաց Գասպարյանը։

Պատասխանող կողմը դատերին հիմնականում չէր ներկայանում, հակառակն ապացուցող փաստաթղթեր էլ չէր ներկայացնում, սակայն վերջում դատն ի օգուտ վարորդի բավարարելու որոշումն էլ սխալ է համարում ու վճիռը բողոքարկում Վճռաբեկ դատարանում։

«Իբր ես իրենցից ստացել եմ այդ գումարը, նորից եմ ուզում։ Բայց ես մի բան կասեմ, ամոթ է էլի, մարդ պետք է մի քիչ պատկառանք ունենա»,-ասաց 66 ամյա նախկին վարորդը։

Գասպարյանի համար վերաքննիչ դատարանի վճիռն անակնկալ չէր։ Նա նշեց, որ ինքը դարձյալ դիմելու է դատարան, այս անգամ առավել համոզիչ փաստարկներով։

«Էս Թի Տրանս Մոբիլ» ընկերության իրավախորհրդատու Արման Ապիտունյանն, ի տարբերությոն վարորդի, գոհ է Վճռաբեկի որոշումից։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ նախկին երկու ատյաններում բավարար ապացույցներ են ներկայացրել։ Վարորդն իր աշխատածի դիմաց գումար ստացել է, սակայն երկու ատյաններում վճիռը ի օգուտ հայցվորի է եղել։

«Գտնում եմ, որ երկու դատարաններն էլ կայացրել էին թերի, անհիմն, չպատճառաբանված, չհետազոտված վճիռներ։ Ես սա չեմ ասում, որպես զուտ հայտարարություններ, ես ասում եմ հիմնավոր, գրավոր ապացույցներով»,-ասաց իրավախորհրդատուն։

Գասպարյանն էլ իր հերթին նշում է, որ անհրաժեշտության դեպքում գնալու է ընդհուպ մինչև Եվրոպական դատարան՝ իր իրավացիությունն ապացուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG