Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է ավելի քան 22.5 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Դեպի Արցախ» խորագրով անցկացված հեռուստամարաթոնում հանգանակված գումարն ուղղվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս - Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը:

Հրապարակված գումարը` շուրջ 22.5 միլիոն դոլարը հավաքագրվել է երեկ կայացած հեռուստամարաթոնի և դրանից առաջ տեղի ունեցած հանգանակությունների ընթացքում: Հանգանակությունները ներառում են Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնները, ճաշկերույթները, բարեգործական համերգներն ու այլ դրամահավաք միջոցառումները։ Այս գումարը նախորդ՝ 2012 թվականին անցկացված հեռուստամարաթոնի հանգանակությունից ավելի է 1 միլիոն դոլարով։

Ընդհանուր առմամբ, վերջին երկու տարիների ընթացքում նկատվում է հանգանակությունների նվազում։ 2011 թվականին հանգանակվել էր 30 միլիոն դոլար, ինչը ավելի քան 8 միլիոն դոլարով ավելի է թե նախորդ, թե այս տարի հանգանակված գումարներից։

Հիմնադրամի պաշտոնական կայքէջում ներկայացված են «Հեռուստամարաթոն 2013»-ի նախնական տվյալներն ըստ երկրների։ Համաձայն դրանց, ամենից շատ գումար հանգանակվել է Ռուսաստանից՝ 12 միլիոն 350 հազար դոլար։ Նախորդ տարվա հանգանակության ժամանակ Ռուսաստանը ևս առաջին տեղում էր։ Հանգանակությունների թվով երկրորդ տեղում է Միացյալ Նահանգները, այստեղ 3 միլիոն դոլար է հանգանակվել։ ԱՄՆ-ին հաջորդում է Հայաստանը, որտեղ հանգանակվել է 1 միլիոն 648 հազար դոլար։ Հայաստանից հետո չորրորդ տեղն է գրավում Շվեյցարիան՝ 1 միլիոն 250 հազար դոլարով։ Լեռնային Ղարաբաղը հինգերորդ տեղում է՝ ղարաբաղցիները հանգանակել են 1 միլիոն դոլար։ Ամենից քիչ գումար հանգանակվել է Ավստրիայից՝ 10 հազար դոլար։

«Հեռուստամարաթոն 2013»-ի գումարներից այս տարի ևս բաժին կհանվի կարիքի մեջ հայտնված սիրիահայությանը։ Արդեն իսկ որոշում է կայացվել նոյեմբերի 21-24-ը Ֆրանսիայում անցկացված համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի որոշը մասը տրամադրել սիրիահայությանը։

«Ազատության» հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանն ասաց, որ դեռևս վաղ է նշել, թե հեռախոսամարաթոնում հավաքագված 1.5 միլիոն եվրոյից որքանը կհատկացվի սիրիահայությանը։ Նախորդ տարի այս հեռախոսամարաթոնից 100 հազար եվրո է հատկացվել սիրիահայությանը։

«Կարծում եմ՝ վաղ է խոսել այն մասին, թե հեռախոսամարաթոնի ավարտին արձանագրված գումարի որ մասը կուղղվի սիրիահայության աջակցության, քանի որ մեր գործ ունենք հեռախոսամարաթոնի հետ, որի դեպքում կամավորները ընդամենը արձանագրում են նվիրատվության խոստումներ։ Ժամանակ է պետք հասկանալու համար, թե այդ խոստումների որ մասը կդառնա փաստացի նվիրատվություն»,- ասաց Գրիգորյանը։

2012 թվականին հավաքագրված գումարի 10 տոկոսը, հիմնադրամի գործադիր վարչության որոշմամբ, պետք է հատկացվեր սիրիահայությանը։ Մինչդեռ 10 տոկոսի փոխարեն հատկացվեց գումարի ընդամենը երկու տոկոսը (ավելի քան 400 հազար դոլար)։ Գրիգորյանը նշում է պատճառը. 2012 թվականին հանգանակված գումարների մեծ մասը եղել են նպատակային նշանակության։ Նախորդ տարվա հեռուստամարաթոնի ռազմավարական ծրագիրը Լեռնային Ղարաբաղում համայնքային կենտրոնների կառուցումն էր։ Սրանից զատ, կան նաև նպատակային ծրագրեր, որոնք մատնանշում են հանգանակության մասնակիցները՝ ցանկանալով իրենց նվիրաբերած գումարը ծախսել իրենց նախընտրած ոլորտում։

Համաձայն համահայկական հիմնադրամի, սիրիահայությանը հատկացված գումարից 200 հազար եվրոն ուղարկվել է Սիրիա՝ սիրիական պատերազմի ընթացքում ձևավորված սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմին։ Այս մարմինը պարբերաբար սնունդ, հագուստ է հատկացնում պատերազմի մեջ ապրող հայերին, օգնում նրանց հնարավորության դեպքում վերականգնել ավերված բնակարանները։

Գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին՝ որպես աշխատավարձ։ Ավելի քան 12 հազար դոլար էլ հատկացվել է սիրիահայ վարժարանների տնօրինությանը։ Գումարի մյուս մասն ուղղվել է Հայաստանում բնակվող սիրիահայության կարիքներին, ինչպես նաև ծախսվել է Երևան-Հալեպ-Երևան երկու չվերթների վրա։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG