Մատչելիության հղումներ

Հարությունյանը կասկածում է, որ իր հետ կալանավորվածների մեջ կան սադրիչներ


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը կասկածելի է համարում այդ օրվա զարգացումները, և համոզված է, որ խաղաղ ակցիայի ընթացքը փոխելու համար գործի են դրվել հատուկ սադրիչներ։ Այդ մասին այսօր հայտարարեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ առավոտյան իր պաշտպանյալի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Շանթ Հարությունյանը ձերբակալությունից ի վեր այսօր առաջին անգամ փաստաբանի միջոցով հրապարակեց իր տեսակետը։ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը նույնիսկ մտավախություն ունի, որ իր հետ կալանավորված 13 անձանց թվում էլ կան սադրիչներ։

«Կարող է այդ անձանցից 1-2 հոգի լինեն ոչ իր համախոհները, նույն այդ սադրիչները, որովհետև անձինք կան, որոնց ինքը չի էլ ճանաչում»,- ասաց փաստաբանը։

Այս գործով կալանավորված 14 անձանցից երեքին առաջադրվել է ոստիկանին թեթև վնաս հասցնելու մեղադրանք, որը պատժվում է տուգանքով, մեկամսյա կալանքով կամ առավելագույնը՝ 5 տարվա ազատազրկմամբ։ Իսկ 11-ը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մինչև 10-ը տարվա ազատազրկում։

Փաստաբանը փոխանցեց, որ Հարությունյանն ընդհանրապես ցուցմունք չի տվել, նույնիսկ մեղադրանքի որոշումը հրաժարվել է ստորագրել։ Ըստ մեղադրանքի, նա ծեծել է ոստիկանության պաշտոնյայի, մասնավորապես, ձեռքի փայտով հարվածներ է հասցրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության երկրորդ բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանի մարմնի տարբեր մասերին։

Սակայն փաստաբանը պնդում է, որ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ դիմացինը ոստիկան է, քանի որ այդ պաշտոնյան եղել է քաղաքացիական հագուստով, չի ներկայացել, բախումներ է հրահրել, և դրանցում ներգրավվել են քաղաքացիական հագուստներով այլ սադրիչներ։

«Շանթ Հարությունյանը չի էլ հասցնում սկսել իր երթը, հրապարակից դուրս գալուց անմիջապես տեղի են ունենում այդ բախումները։ Սադրիչները սադրում են այդ դեպքերը և տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել. հարվածում են Շանթ Հարությունյանին, այնուհետև մյուսներն են խառնվում, սկսում են քաշքշել ակցիայի մասնակիցներին»,- ասաց Ինեսա Պետրոսյանը։

Եթե ակցիան խաղաղ բնույթ ուներ, այդ դեպքում ինչո՞ւ էին ցուցարարները փայտերով. Շանթ Հարությունյանի պատասխանը, փաստաբանի փոխանցմամբ, այն է, որ ինքն իմացել է, թե իշխանություններն ինչերի են ընդունակ, մինչև ակցիան սկսելն էլ հատուկ զգուշացրել է ոստիկաններին սադրանքներ թույլ չտալ.- «Ասում է՝ «Ես գիտեի Մարտի 1, տասը զոհեր, որ կարող է յուրաքանչյուր խաղաղ երթ կամ հանրահավաք իշխանությունների կողմից տապալվի, ես դրա համար ինձ հետ վերցրեցի այդ փայտերը, որպեսզի կարողանանք տալ ադեկվատ պատասխան, եթե լինեն սադրանքներ»»։

Իրեն հոգեբուժարան տեղափոխելուց էլ կալանավորվածը խիստ դժգոհ է և այդտեղ քաղաքական դրդապատճառներ է տեսնում։

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնությունների ենթարկվելու՝ ավելի վաղ հայտնած ահազանգի կապակցությամբ փաստաբանը զրուցել է Շանթ Հարությունյանի հետ. փոխանցեց, որ կալանավորվածն առաջիկայում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ։

Հարությունյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին էր նման բան հայտնել ձերբակալվածների պահման վայր վերջինիս այցելության ժամանակ։ Փաշինյանը դիմեց Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՔԾ-ն հրաժարվեց քրեական գործ հարուցել Վլադիմիր Գասպարյանի դեմ՝ հիմնավորելով, որ Փաշինյանի նկարագրած հանցագործության դեպքը բացակայում է, տեղեկատվությունը չի հաստատվել կատարված «ստուգողական գործողությունների արդյունքում»։ Այնուհետև իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմեց ՀՔԾ՝ հայտարարելով, որ իրեն ևս Շանթ Հարությունյանը հայտնել է նման միջադեպի մասին։

«Իր նկատմամբ Վովա Գասպարյանի կողմից բռնության մասին նա հայտնել է, հայտնել է նաև ձերբակալության մեջ գտնվող իր տղայի նկատմամբ բռնության սպառնալիքի մասին, ավելին, որ նույնիսկ սպառնացել են, որ երեխային իր մոտ կարող են վնասել, որը օգտագործվել է որպես, ըստ էության, ճնշման միջոց Շանթ Հարությունյանի նկատմամբ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաքունցը։

Տեղեկացանք, որ ՀՔԾ-ն մերժել է այդ հարցին կրկին անդրադառնալ՝ հիմնավորելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված նմանատիպ հաղորդմանը պատասխանել են արդեն և այլ բան չունեն ասելու։ Արթուր Սաքունցը դա թեման փակելու հակաիրավական փորձ է համարում՝ հայտարարելով, որ իրեն պետք է առնվազն կանչեին հարցաքննության, ինչը չի արվել։ Իրավապաշտպանը կբողոքարկի ՀՔԾ-ի պատասխանը։
XS
SM
MD
LG