Մատչելիության հղումներ

Հայաստանը և Եվրամիությունը «հանձնառու են զարգացնել համագործակցությունը»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ, Վիլնյուս, 29-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստանը և Եվրոպական միությունը ուրբաթ օրը Վիլնյուսում, որտեղ անցկացվում է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Համատեղ հայտարարությամբ հանդես եկան, գագաթնաժողովում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվրոպական միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը», - ասված է Համատեղ հայտարարությունում:

«Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը», - հայտարարում են Հայաստանը և Եվրամիությունը:

Եվրոպական միությունը և Հայաստանը «շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը»:

Եվրոպական միությունն ու Հայաստանը «արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»։

«Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը», - ասված է հայտարարությունում:

Հայտարարության հրապարակումից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց․ - «Հայաստանի և Եվրամիության միջև ընդունվելու է Համատեղ հայտարարություն, որտեղ նշվելու է մեր հանձնառության մասին՝ թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության՝ շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում, Արևելյան գործընկերության շրջանակում»:

«Այսօր նաև կայացել է Հայաստանի արտգործնախարարի և Բարձր հանձնակատար Էշթոնի հանդիպումը, որի ընթացքում մենք փոխանակել ենք նամակներ, որտեղ նախանշվում է ապագային միտված մեր երկուստեք համագործակցության մանրամասն ծրագիրը», - փոխանցեց Նալբանդյանը:

Սերժ Սարգսյան․ «Ակնկալիքները այս գագաթնաժողովից մեծ են»


Հայաստանի նախագահը Արևելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթում, մասնավորապես, ասաց․ - «Արևելյան գործընկերության ծրագրի հնգամյա պատմությունը վկայում է այս ձևաչափի անհրաժեշտության և կենսունակության մասին: Այն արդյունավետ կերպով համալրում է համաեվրոպական համագործակցության ճարտարապետությունը՝ հնարավորություն ընձեռելով եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցելու համար: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմա-քաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության՝ գիտակցված պահանջարկը»:

«Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին», - հայտարարեց Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան - ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»:

«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն, բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ», - ասաց Սերժ Սարգսյանը և հավելել․ - «Հենց այս գիտակցմամբ ենք մենք առաջնորդվում մեր արտաքին հարաբերություններում և մեր հարևանների հետ խնդիրները փորձում ենք կարգավորել հենց այդ սկզբունքով` փորձելով Եվրոպայում հաջողված հաշտեցման փորձը տեղայնացնել նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետևողական որդեգրումը կարող է օգնել Թուրքիային սեփական անցյալի հետ հաշտվելու հարցում: Այսօր հազարավոր թուրքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և կանգնում մեր կողքին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները պետք է կարողանան կամք ցուցաբերել ու հրաժարվել ժխտողական քաղաքականությունից: Եվրամիության հետ ինտեգրումը որպես եվրոպական երկիր շարունակելու հարցում Թուրքիայի առջև դեռևս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները: Եվրոպական Միության անդամ-պետություններից, որպես մեր գործընկերներից, մենք ակնկալում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացման հարցում լիարժեք ներգրավում և հետևողականություն»:

«Մի քանի օր առաջ Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, գրեթե երկու տարի տևած դադարից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Թեև արդյունքների մասին դեռ շատ վաղ է խոսել, այդուհանդերձ հանդիպման փաստն ինքնին դրական երևույթ է: Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունների հաջող ելքն իրականում կախված է այն բանից, թե որքանով մենք մեր ժողովուրդներին կպատրաստենք խաղաղության, թե որքանով կկարողանանք հրաժարվել բացասական հռետորաբանությունից և թուլացնել լարվածությունը շփման գծում: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ձեռնպահ են եղել իրավիճակն ապակայունացնող հայտարարություններից ու քայլերից և որդեգրել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատ տնտեսական մրցակցության, ազատ խոսքի հիման վրա պետություն կառուցելու ճանապարհը՝ հաստատակամ քայլերով առաջ ընթանալով այդ ուղիով», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են։ Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրամիության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան - Եվրոպական միություն Համատեղ հայտարարությունը», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG