Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունից՝ Մաքսային միություն․ անսպասելի շրջադարձի ժամանակագրությունը


2010-ը թվականին մեկնարկեցին Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք աննախադեպ հնարավորություններ էին խոստանում Հայաստանի համար:

Անցած 3 տարիների ընթացքում թե՛ Եվրամիության, և թե՛ Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները կասկածի տեղ չէին թողնում, որ Հայաստանը ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը: Ընդ որում այդ հայտարարությունները հնչում էին ընդհուպ մինչև այս ամառ, երբ հուլիսին Եվրամիությունը ազդարարեց «Ասոցացման համաձայնագրի», ներառյալ «Խորը և համապարփակ ազատ առևտրի» պայմանագրի շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտի մասին:

Թվում էր, թե իսկապես ամեն ինչ բարեհաջող է ընթանում․ Եվրամիությունը գոհ էր Հայաստանի առաջընթացից, Հայաստանի իշխանություններն էլ պարբերաբար մատնանշում էին համաձայնագիրը նախաստորագրելու և բարեփոխումներ իրականացնելու իրենց քաղաքական կամքի ու հաստատակամության մասին:

Մասնավորապես, հուլիսին Հայաստան ժամանած Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վստահորեն հայտարարում էր՝ նոյեմբերին Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի: Նույն վստահությունն ուներ նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին պարբերաբար խոսում էր նաև Հայաստանի նախագահը: Այս տարվա մայիսին Բրյուսելում, ապա Լեհաստանում Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի տնտեսության զարգացման համար․ - «Այս համատեքստում տեղին է անդրադառնալ Եվրամիության հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրին և դրա մաս կազմող Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին: Այն որակապես նոր և առավել ընդգրկուն հիմքերի վրա կդնի Եվրամիության անդամ պետությունների, այդ թվում նաև Լեհաստանի հետ մեր երկրի համագործակցությունը»:

Այս տարվա մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նույնպես Սերժ Սարգսյանը կասկածի տեղ չէր թողնում, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանին նոր հեռանկարներ խոստացող համաձայնագիրը․ - «Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրան եք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք»:

Հայաստանը բարեհաջող ավարտեց բանակցությունները, և երբ թվում էր, թե գրեթե ոչինչ չի խանգարում փաստաթղթի ստորագրմանը, սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը անսպասելիորեն հայտարարեց ՝ Հայաստանը մտնում է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն:

Մաքսային միություն մտնելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը, կարելի ասել, սառը ցնցուղ էր Եվրամիության համար: Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չթաքցրեց, որ իրենք, ինչպես և հայ հասարակությունը՝ շոկի մեջ են:

Չնայած Հայաստանի իշխանությունները պնդում էին, թե Մաքսային միություն մտնելու որոշումը կայացվել է, հաշվի առնելով Հայաստանի անվտանգությունն ու շահերը, եվրոպացի պաշտոնյաները բացահայտ հայտարարում էին՝ Հայաստանը լուրջ ճնշումների է ենթարկվել Մոսկվայի կողմից:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը հակադարձում է․ - «Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես Ձեզ անկեղծորեն ասում եմ, որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել»:

Եվրամիությունը բազմիցս հայտարարել էր՝ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա կորցնելու է արտաքին առևտրի ոլորտում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը և հետևաբար հնարավորություն չի ունենալու Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանի իշխանությունները առաջարկեցին ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը, այնտեղից հանելով Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը: Եվրամիության պատասխանը, սակայն, միանշանակ էր՝ Ասոցացման համաձայնագիրը մեկ ամբողջական փաստաթուղթ է և անհնար է ստորագրել դրա միայն մի մասը: Այսպիսով Հայաստանը հրաժարվեց 3 տարի բանակցված և լայն հեռանկարներ խոստացող Ասոցացման համաձայնագրից, և նախընտրեց մտնել Կրեմլի նախաձեռնած Մաքսային միություն, որի շուրջ բանակցություններ չէին վարվել, ավելին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի անդամակցությունը այդ միությանը համարել էր ոչ շահավետ՝ ընդհանուր սահման չունենալու պատճառով:

Ստացվեց, որ Եվրամիության «կամ ․․․կամ» սկզբունքը մերժելով՝ Հայաստանի իշխանությունները նախընտրեցին «Մաքսային միությունը» և Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունը:

Ի դեպ՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում քաղաքական ու տնտեսական բարեփոխումները իրականացնելու համար Հայաստանը Եվրամիությունից միլիոնների ֆինանսական աջակցություն է ստացել: Մասնավորապես, միայն անցած տարի Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ 43 միլիոն եվրոյի աջակցության պայմանգիր կնքեց: Այս գումարը պետք է օգներ, որպեսզի Հայաստանը նախապատրաստվեր Եվրամիության հետ քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը:

Այժմ, սակայն, Հայաստանը լայնածավալ աշխատանքներ է կատարում իր օրենսդրությունը Մաքսային միությանը համապատասխանեցնելու համար:
XS
SM
MD
LG