Մատչելիության հղումներ

Սիկորսկի. «Ադրբեջանը ինքնության հետ որոշակի խնդիրներ ունի»


Ռադոսլավ Սիկորսկի (ձ), Կարլ Բիլդտ, արխիվ

Ռադոսլավ Սիկորսկի (ձ), Կարլ Բիլդտ, արխիվ

Հինգշաբթի Վիլնյուսյում մեկնարկած Քաղաքացիական ֆորումի աշխատանքներին մասնակցեցին նաև Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկու պետությունների` Լեհաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները, որոնց հայտարարությունները, պետք է նկատել, բավական անկեղծ էին:

Հարցին, թե ի՞նչ է փոխվելու Ուկրաինայի և Եվրամիության հարաբերություններում վիլնյուսյան համաժողովից հետո, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին պատասխանեց շատ հստակ.- «Կարծում եմ՝ մեր քաղաքականությունը կմնա նույնը»:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն Ուկրաինայի հարցում անհամեմատ ավելի կտրուկ էր տրամադրված:

«Յունուկովիչն ասում է` մեզ փող է հարկավոր, բայց մենք չենք ցանկանում ստորագրել Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, մեզ դուր չի գալիս նաև Արժույթի միջազգային հիմնադրամը: Այս պայմաններում Յանուկովիչն ինքը և ողջ Ուկրաինան հայտնվել են շատ խոցելի մի դրության մեջ»,- հայտարարեց Բիլդտը:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի մասնակիցներից մեկը նաև հարց ուղղեց Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներին` ինչու՞ է Ադրբեջանի նկատմամբ անհամեմատ ավելի մեղմ մոտեցում դրսևորվում, քան Բելառուսի, թեև երկու պետություններում ժողովրդավարության վիճակը գրեթե նույնն է: «Արդյոք դա երկակի չափանիշների կիրառո՞ւմ չէ»,- ֆորումի մասնակցի այս հարցին Ռադոսլավ Սիկորսկու պատասխանն ավելի քան անկեղծ էր:

«Բելառուսը միանշանակորեն եվրոպական երկիր է հանդիսանում: Ադրբեջանն, ինձ թվում է, ինքնության հետ որոշակի խնդիրներ ունի, այնտեղ բավական աշխույժ բանավեճեր են գնում այդ թեմայով: Եվ բնական է, որ մենք ավելի բարձր չափանիշներ ենք ակնկալում այն պետություններից, որոնք մեզ ավելի մոտ են: Այո, համաձայն եմ, այսպիսի մոտեցման մեջ առկա է երկակի ստանդարտի որոշակի չափաբաժին, բայց դա այնքան էլ մեծ նորություն չէ քաղաքականության մեջ»,- հայտարարեց Սիկորսկին:

Հայաստանի մասին Քաղաքացիական ֆորումի առավոտյան նիստին գրեթե չխոսվեց: Հատկանշական է թերևս, որ հայկական իրականությանը վերաբերող` Բիլդտին և Սիկորսկուն ուղղված միակ հարցը հնչեց ռուսերեն: Դրա հեղինակը հայաստանցի իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր, որին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են վերաբերում «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական ֆորումի բանախոսները` Զարուհի Փոստանջյանին` ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության կազմից հեռացնելու փաստին: Կարլ Բիլդտն ու Ռադոսլավ Սիկորսկին, սակայն, Սաքունցի հարցին այդպես էլ չպատասխանեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG