Մատչելիության հղումներ

Կայացավ Վրաստան - ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը


Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանի, արխիվ

Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանի, արխիվ

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում այսօր Վիլնյուսում՝ Լիտվայի արտգործնախարարության շենքում, կայացել է Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը:

«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթի այն մասը, որը վերաբերում է Եվրամիության հետ ասոցացմանը, վրացական կողմից ստորագրել է արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանին, իսկ ազատ առևտրին վերաբերող մասը՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն:

Եվրամիության կողմից համաձայնագիրը ստորագրել են ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Գունար Վիգանդը և Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Ֆիլիպ Կուիսոնը:

Փաստաթուղթը բաղկացած է 1000 էջից:

Դավիթ Զալքալիանին այսօրվա օրը պատմական է որակել՝ նշելով, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը անդառնալի բնույթ է ստանում:

Նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ փաստաթուղթը խորհրդանշական կերպով կստորագրի Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վրացական կողմը ակնկալում է, որ համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի 2014 թվականի սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG