Մատչելիության հղումներ

Վիլնյուսում հիասթափություն է տիրում


Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարված Հայաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, թե Հայաստան - Եվրամիություն քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրվելիք առանձին փաստաթղթով:

«Եվրամիության ինստիտուտները ցանկանում են, որ որոշակի պարտավորվածություններ էլ լինեն գործընկեր երկրների կողմից, և ինչպիսի՞ն կարող են լինել Հայաստանի պարտավորվածությունները, ինչքանո՞վ է Հայաստանը լինելու կաշկանդված իր համագործակցությամբ Մաքսային միության և կոնկրետ Ռուսաստանի հետ Բրյուսելում և այլ եվրոպական մայրաքաղաքներում առայժմ չեն հասկանում», - Վիլնյուսից «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Նավասարդյանը, - «Տրամադրությունները Եվրոպայում այնպիսին են, որ այսօր հռչակագրային տիպի փաստաթղթերը ընդամենը մի տեսակ վարկաբեկիչ դերակատարություն կարող են ունենալ ամբողջ նախաձեռնության համար»:

Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգողը կարծում է, որ վերջին զարգացումների արդյունքում նշանակությունը, որը տրվում էր Արևելյան գործընկերությանը, նվազելու է, Եվրամիության ընդլայնման դեմ հանդես եկող երկրների ազդեցությունն էլ՝ ամրապնդվելու:

Նավասարդյանի գնահատմամբ, դրա ապացույցը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին զուգահեռ Վիլնյուսում ընթացող քաղաքացիական հասարակության ինստիտուտների կոնֆերանսն է: Այնտեղ նախօրոք պլանավորված բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների ելույթները հանվում են:

Քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ երկիրը չի կարող միաժամանակ մի քանի համակարգում գտնվել:

«Ես չեմ կարող լուրջ ընդունել, որ մենք վարում ենք և-և քաղաքականություն՝ իրականում ստացվում է կամ-կամ, ես չեմ կարող հասկանալ, որ և-և-ից միայն ստացվել է այն, որ մենք և՛ զրկվել ենք հեռանկար ընտրելու իրավունքից, և՛ գործընկեր ընտրելու իրավունքից», - Մամուլի ազգային ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ նշեց Սաֆարյանը:

Բանավեճի հրավիրվածներից շատերը ինֆորմացիայի պակասից էին դժգոհում: «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այս իրավիճակը ինֆորմացիոն սով անվանեց:

«Ի՞նչն է դրդել, ի վերջո, մեր երկրի ղեկավարին սեպտեմբերի 3-ին այդպիսի անսպասելի հայտարարություն անել, այդ ի՞նչ սպառնալիքներ, ի՞նչ շանտաժ է կիրառվել նրա նկատմամբ: Եթե դա եղել է պարզ, ուղղակի ռազմական միջամտության կամ այլ սպառնալիքի տեսքով, դա ուղղակի պետք է համապարփակ հայաստանյան մոբիլիզացիա հայտարարվի», - ասում էր խմբագիրը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ասաց․- «Հիմա ես մեղքի տեր եմ դառնում: Սովոր չեմ որևէ ձևով հայտնել իմ կարծիքը այս կամ այն փաստաթղթի մասին, եթե անձամբ ես չեմ կարդացել»:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Բորիս Նավասարդյանը, վիլնյուսյան գագաթնաժողովի օրակարգը որևէ մեկին հայտնի չէ: Նախապես ծրագրված միջոցառումները կարող են չեղյալ հայտարարվել: Հստակ է մի բան՝ գագաթնաժողովի աշխատանքային օրը ուրբաթն է՝ նոյեմբերի 29-ը: Հիմնական միջոցառումները այդ օրն են սպասվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG