Մատչելիության հղումներ

Գերեվարված զինվորը հերթական նամակն է ուղարկել ծնողներին


Զինվոր Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ, արխիվ

Զինվոր Հակոբ Ինջիղուլյանը մոր հետ, արխիվ

Մոտ 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիետի միջոցով արդեն 4-րդ նամակն է փոխանցել իր հարազատներին:

Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Վերջինիս փոխանցմամբ, Հակոբ Ինջիղուլյանը մասնավորապես, գրում է.- «Մամ ջան, պապ ջան խնդրում եմ շատ մի մտածեք, սա դժվար փորձություն է, որը կհաղթահարենք: Դուք պարզապես հույսով սպասեք»:

Հարություն Ինջիղուլյանը հավելեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այն անդամները, ովքեր տեսակցել են Հակոբ Ինջիղուլյանին, հավաստիացրել են, որ Ադրբեջանում նա կրկին բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի:

Մոտ 4 ամիս առաջ 22-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելիս տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։

«Կարմիր խաչը հաստատեց, որ նրա մոտ իրոք առողջական խնդիր չկա: Նրանք նաև երաշխավորեցին, որ ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական ճնշումների Հակոբը չի ենթարկվում»,- փոխանցեց Հարություն Ինջիղուլյանը:

Նշենք նաև, որ երեկ Հակոբ Ինջիղուլյանի մայրը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով անձամբ հետամուտ լինել զինվորի ճակատագրին: Իսկ ավելի վաղ գերեվարված զինվորի եղբորը ընդունել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ում խնդրանքով, հիշեցնենք, հայ գերուն այցելել էր Ադրբեջանի հոգևոր առաջնորդը: Հարություն Ինջիղուլյանը հավելեց, որ թերահավատորեն է մոտենում իր եղբոր՝ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությանը:

«Ես խնդրելու եմ Կարմիր խաչի ներկայացուցիչներին, որ հաջորդ հանդիպմանը նրան փոխանցեն, որ այստեղ իրեն ոչ մի խնդիր և հետապնդում չի սպասվում, առանց վախենալու կարող է հետ գալ»,- ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը:

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հայրենիք վերադառնալու դեպքում Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվի, քանի որ նա հակառակորդի տարածքում է հայտնվել բացառապես մոլորվելու արդյունքում:
XS
SM
MD
LG