Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Հայաստան - ԵՄ քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի»


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Իշխող կուսակցության խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Վիլնյուսի գագաթնաժողովին նախագահի մակարդակով մասնակցելու Հայաստանի որոշումը:

Այն, որ երկրի նախագահը ներկա է լինելու Եվրամիության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին, և ավելին՝ նա մասնակցելու է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, բնականաբար, խոսում է այն փաստի մասին, որ Հայաստան - Եվրամիություն քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Սա այն կարծիքն է, որի վերաբերյալ բազմիցս հայկական կողմը նշել է նաև սեպտեմբերի 3-ի՝ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարությունը իրականացնելուց հետո, և կարծում եմ, որ եվրոպական մեր գործընկերների մոտ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք ըմբռնում է գտել», - նշեց իշխող կուսակցության խոսնակը:

Փաստորեն, Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի հայտարարությունից հետո բացառվեց Եվրամիության հետ տնտեսական համագործակցության մասը, և շատ փորձագետներ համոզմունք էին հայտնում, որ որևէ այլ լուրջ համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Այս կապակցությամբ Էդուարդ Շարմազանովն ասում է․ - «Այն սկզբնական, որոշ դեպքերում նաև զգացմունքային հայտարարությունները, որոնք եղան սեպտեմբերի առաջին կեսին, դրանք արդեն ժամանակի ընթացքում փոխվեցին և դարձան ավելի ռացիոնալ, որը օգուտ է բերում առհասարակ Հայաստան - եվրոպական կառույցներ երկխոսության գործընթացին»:

«Մենք երկուսով՝ թե՛ հայկական կողմը, թե՛ եվրոպացի մեր գործընկերները, հասել ենք նրան, որ Վիլնյուսից հետո համագործակցությունը պետք է շարունակվի: Այդ ըմբռնումը կա երկուսիս մոտ էլ՝ և՛ Հայաստանում էլ, և՛ եվրոպական մեր գործընկերների մոտ էլ», - հայտարարեց Հանրապետականի խոսնակը:

Եվրամիության հետ համագործակցության հիմնական ուղղությունը քաղաքականն է լինելու, և բարեփոխումները այստեղ կշարունակվեն, ասաց Շարմազանովը և հավելեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մտադրությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ այս գործընթացի վրա:

«Հիմնականում Հայաստան - Եվրամիություն համագործակցության մեխը և գլխավոր խնդիրը եղել է քաղաքական բարեփոխումները, և ի սկզբանե մենք եղել ենք այդ կարծիքին: Եթե մեր եվրոպացի գործընկերները գտել են, որ այստեղ Մաքսային միությանը անդամակցման և Խորը և համապարփակ առևտրի պայմանագրի կնքման միջև կային հակասություններ, դա իրենց տեսլականն է, իրենց խնդիրն է: Դրա համար մենք հենց սեպտեմբերի 3-ից հետո հստակ նշեցինք, որ մենք պատրաստ ենք շարունակելու քաղաքական բարեփոխումները, պատրաստ ենք շարունակելու երկխոսությունը եվրոպական կառույցների հետ», - նշեց ՀՀԿ-ի խոսնակը՝ ամփոփելով․ - «Եվ նաև այն հանգամանքը, որ պարոն նախագահը կմասնակցի [Վիլնյուսի գագաթնաժողովին], սա խոսուն փաստ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է իր քաղաքական երկխոսությունը, իր բարեփոխումները Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և զարգացման ուղղությամբ»:
XS
SM
MD
LG