Մատչելիության հղումներ

Վերահսկիչ պալատը հաջորդ տարի բյուջետային 13 ոլորտներ կստուգի


Իշխան Զաքարյան

Իշխան Զաքարյան

Իշխան Զաքարյանի ղեկավարած Վերահսկիչ պալատը հաջորդ տարի բյուջետային 13 ոլորտներ կստուգի՝ առողջապահության, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունները, Պետական եկամուտների կոմիտեն, Արմավիրի մարզպետարանը: Երևանի քաղաքապետարանում ճանապարհների հիմնանորոգմանը հատկացվող գումարները կուսումնասիրեն, նաև Եվրամիության, Համաշխարհային բանկի, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր:

Տասը տարուց ավելի բյուջեն Կենտրոնական բանկից 1 կոպեկ չի ստանում, այն դեպքում, երբ դոլարի կուրսի ամեն տատանումից այդ կառույցը ահռելի եկամուտներ է ստանում: Իշխան Զաքարյանին այս հարցն առաջարկեց ուսումնասիրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերահսկիչ պալատի նախագահը հղում կատարեց բանկային գաղտնիքի մասին օրենքի արգելանքին: Ասաց՝ մինչև օրենքը չփոփոխեն, չեն կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Իրանից մինչև Վրաստանի սահման ձգվող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման վերաբերյալ Բագրատյանի հաջորդ դիտարկումը նախկին երկու վարչապետերի՝ նրա և Խոսրով Հարությունյանի վեճի պատճառը դարձավ: Բագրատյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը 500 միլիոն դոլար արժեցող և թունել չունեցող ավտոմայրուղին կառուցելով ահռելի փողեր է վատնում: Այդ գումարներով կարելի էր ադրբեջանական դիրքերը շրջանցող սահմանամերձ այլ ճանապարհներ կառուցել, կարծում է նա: Բագրատյանի այս խոսքերի հետ համաձայն չէր Խոսրով Հարությունյանը:

Իշխան Զաքարյանը այսօր հարկ համարեց շեշտել՝ Վերահսկիչ պալատի զեկույցները, պատրաստ լինելուն պես, ճյուղ առ ճյուղ նախ խորհրդարանական հանձնաժողովներում են քննարկվելու, դրանից հետո միայն՝ դահլիճում:

Վերահսկիչ պալատի հաշվետվությունների ներկայացման այս ընթացակարգը նորամուծություն է: Նախկինում Վերահսկիչ պալատի նախագահի գնահատականներին պատգամավորներն առաջին անգամ նիստերի դահլիճում էին ծանոթանում: Այս ավանդույթն ավելի կանխատեսելի, նախօրոք կազմակերպված քննարկումներով փոխարինելու մասին առաջին անգամ Հանրապետական կուսակցության նիստում խոսվեց՝ Վերահսկիչ պալատի նախորդ տարվա բացահայտումներին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խիստ զայրացած արձագանքից հետո: Հիմա, փաստորեն, իշխող ուժի գաղափարները գործնական կիրառություն կստանան:

Հիշեցնենք՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները կարծում են՝ 2012 թվականի զեկույցից հետո նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությանն արժանացած, իսկ վերջերս երկրորդ անգամ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակված Իշխան Զաքարյանը չի կարող անաչառ աշխատել:

Լրագրողներից մեկն այսօր հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է կարծել, թե այս տարվա պետական բյուջեի 70 տոկոսը վտանգված է: Սերժ Սարգսյանին հատկապես այս կանխատեսումն էր զայրացրել: Նա Իշխան Զաքարյանի այս գնահատականները հեքիաթ էր որակել:

«Մի քանի տասնյակ ոլորտներ ամեն տարի Դուք ստուգում եք, բայց բացի 1 հոգուց՝ դա Խաչիկյան Վազգենն է, որևէ այլ դատվածներ կա՞ն: Ովքե՞ր են, քանի՞ հոգի են», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Իշխան Զաքարյանը պատասխանեց․ - «Կան: Կարծեմ երկու-երեք հոգի Սևանի տարածքային կառույցում կան, ինչ-որ հարկային մարմինների ստուգման ժամանակ, կարծում եմ, կային այդպիսի բան: Կան նաև այլ կարգի բազմաթիվ այլ չինովնիկներ: Վերջիվերջո, մենք 28 գործ ուղարկել ենք դատախազություն և ոչ մի գործ չի մերժվել»:
XS
SM
MD
LG