Մատչելիության հղումներ

Հայաստանում աղքատ է մոտ 1 միլիոն մարդ


Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ 2012թ-ին աղքատության ցուցանիշը նվազել է՝ կազմելով 32,4 տոկոս:

Սա ավելի քան 2.5 տոկոսով պակաս է 2011-ի ցուցանիշից, որը կազմում էր 35 տոկոս:

Թեև աղքատների թիվը նվազել է, այդուամենայնիվ Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ աղքատ է, ընդ որում՝ ծայրահեղ աղքատ բնակչության 2.8 տոկոսը, շատ աղքատ՝ 13.5-ը:

Փաստորեն միայն պաշտոնական տվյալներով մեր երկրում մոտ 1 միլիոն մարդ աղքատ է:

Զեկույցը հրապարակելիս Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան նշեց, որ աղքատների թվով առաջինը շարունակում է մնալ Շիրակի մարզը՝ 46 տոկոս, հաջորդը Կոտայքի մարզն է՝ 42.5 տոկոս աղքատությամբ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի վստահում հրապարակված թվերին: Այդուհանդերձ, ծանոթ լինելով աղքատության ցուցանիշը հաշվարկելիս կիրառվող մեթոդաբանությանը, տնտեսագետն ասում է՝ դեռ բարեխիղճ են գտնվել․ - «Իրականությունն, իհարկե, այլ է: Իրականությունն այն է, որ բոլոր դեպքերում, եթե նույնիսկ այդ ենք ասում, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության մեկ երրորդը փաստորեն աղքատ է ապրում: Դա Հայաստանի Հանրապետության իմիջի համար լավ բան չէ: Սա նաև պետք է ահազանգ լինի, կամ ուղղակի զգուշացում իշխանավորներին, որ՝ տեսեք ինչպիսի երկիր ենք կառուցում»:

Թեպետ պաշտոնական տվյալներով վերջին երկու տարիներին աղքատների թիվը նվազում է, դեռևս հեռու ենք 2008-ի ցուցանիշից, երբ աղքատների թիվը մոտ տասը տոկոսով պակաս էր: Պաշտոնյաները սա բացատրում են համաշխարհային տնտեսական ճգնաժամով, մինչդեռ փորձագետի կարծիքով, դա չի կարող լինել միակ փաստարկը:

«Մի ուրիշ հանգամանք էլ կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ ովքե՞ր են այն նոր մարդիկ, որոնք դարձել են աղքատ: Նրանք արդյո՞ք արդյոք այն մարդիկ չէին, որոնք մինչ այդ միջին խավ էին, բայց վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում [են աղքատացել]», - հարցնում է Վահագն Խաչատրյանը, - «Դա կապված չէ տնտեսական ճգնաժամի հետ, այլ պարզապես այն քաղաքականությունն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիներին է վարում, որի հիմնական նպատակն է փոքր և միջին բիզնեսը վերացնել, և դրա փոխարեն ունենալ իր կողմից կառավարվող օլիգարխիա և իր կողմից կառավարվող աղքատ խավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG