Մատչելիության հղումներ

logo-print
«Տեր կանգնենք մեր երկրին», «Փրկենք Հայաստանը կործանումից», «Ոչ երդմնազանց նախագահին», «Մի թալանեք մեր զավակներին» և նմանատիպ այլ կոչերով այսօր իշխանություններից դժգոհ մի քանի տասնյակ քաղաքացիներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր։

«Հայ մայրերն արդարություն են պահանջում» ֆեյսբուքյան նախաձեռնությանը միացել էին արդեն շուրջ կես տարի բողոքի ցույցեր անցկացնող ազատամարտիկները, ովքեր պնդում էին, որ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը պետք է անհապաղ հրաժարական տա, քանի որ ի վիճակի չէ արդարացի կառավարել երկիրը։ Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն ասում էր, թե համբերել այլևս չեն կարող․ - «Այդքան խնդրեցինք՝ չօգնեց, պահանջեցինք՝ չօգնեց: Հիմա կոչով դուրս ենք եկել, հիմնական պահանջ ունենք, որ իշխանափոխություն լինի»:

71-ամյա Ջուլիետա Մելքումյանը ցույց էր տալիս նախաձեռնության անդամների կողմից պատրաստված մի խճանկար, որտեղ քաղաքական ուժերին, հայտնի գործիչներին պատկերել էին ճանապարհային նշանների տեսքով։ Բողոքող մի կին էլ իր հետ մետաղյա թաս էր բերել, որը պատրաստվում էր օգտագործել որպես ահազանգ և այդպիսով ուշադրություն գրավել․ - «Գոնգը խփենք, որ դուրս գա՝ իր ազգին չարհամարհի: Դուրս գա տեսնի ազգը ինչի՞ համար է ելել՝ գնում է իր նստավայր»:

Մի քանի տասնյակ կանայք ու տղամարդիկ Ազատության հրապարակից ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի նախագահական նստավայր։

Ցուցարարները ճանապարհի մեծ մասն անցան առանց խոչընդոտ, սակայն երբ նրանց միայն մեկ խաչմերուկ էր բաժանում նախագահական նստավայրից, ոստիկանները փակեցին ճանապարհը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կտրեց նրանց ճանապարհն ու հայտարարեց, թե երթը կարող են շարունակել նախագահական նստավայրի դիմացի մայթով։

Մի քանի րոպե շարունակվող բուռն քննարկումից հետո ցուցարարները որոշեցին անցնել մայթը։ Հասնելով նախագահականի նստավայրի հանդիպակաց մայթ, ուր ոստիկանական պատ էր ստեղծվել, ցուցարարները կրկնեցին իրենց պահանջները:

Ավելի քան երկու ժամ շարունակող ակցիայի մասնակիցներից ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին հանդիպեց նախագահականի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո առավել բորբոքված կինը հայտարարեց, թե իրենք պահանջում են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, այլ ոչ թե նախագահականի որևէ աշխատակցի: Իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարները նախագահին ժամանակ տվեցին մինչև դեկտեմբերի 2-ը։ Եթե նրանց պահանջը չբավարարվի, հաջորդ շաբաթ նրանք կվերսկսեն բողոքի ակցիաները։
XS
SM
MD
LG