Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պարտավոր է գնալ Վիլնյուս և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, հակառակ դեպքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սպառնում է պահանջել նախագահի հրաժարականը։

Այսօրվանից նա իր մի քանի տասնյակ աջակիցների հետ բողոքի ցույցերի շարք է սկսում նախագահական նստավայրի դիմաց։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայրիկյանը ասաց, եկել են նախագահին հիշեցնելու, որ նա դեռևս Մաքսային միության հետ որևէ մի փաստաթուղթ չի ստորագրել, և պարտավոր է Հայաստանը տանել եվրոպական ուղով։
Հայրիկյանը և նրա աջակիցները կարծում են, որ Հայաստանը Մաքսային միության մաս դարձնելու՝ իրենց խոսքով Կրեմլում նախագծված ծրագիրը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, խոչընդոտում Եվրամիության հետ մերձցումը։ Նրա խոսքով Ռուսաստանը մեր երկրի համար իրականում չունի ռազմավարական դաշնակցի և անվտանգության երաշխավորի դերը, ինչպես փորձում են ներկայացնել իշխող ուժերը։

«Դա խաբկանք է, որովհետև մենք տեսնում ենք՝ Հայաստանում կա ռուսական բազա, նրանք ձրիակերներ են, որ հայ հարկատուների հաշվին այստեղ գոյատևում են, բայց ոչ մի օգուտ այն առաքելության ուղղությամբ, որի համար իրենք կոչված են, ոչ մի օգուտ չեն տալիս մեր ժողովրդին», - հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:

Հայրկիյանի՝ այսօր հրավիրած ցույցին ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում, այն դեպքում, երբ այս օրերին Ուկրաինայի մայրաքաղաքում բողոքի բազմամարդ ցույցեր են ընթանում։ Աջակիցների պակասը, սակայն, ԱԻՄ առաջնորդի խոսքով, իրեն առայժմ չի մտահոգում: Հայրիկյանն ասում է՝ կարևորն այն է, որ իրենք սոցհարցումների արդյունքում պարզել են՝ իրականում Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է Մաքսային միությանը։

«Դա է այսօր մեզ վճռականություն տվել: Ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, Հայաստանում ընդունված կարգի համաձայն, պիտի դիմես որոշակի ժամկետի: Դա արված է, ամսի 29-ին մենք կփորձենք նաև տնային տնտեսուհիներին, որ տրամադրված են Մաքսային միության դեմ, նույնպես հրավիրել փողոց, էլ չեմ ասում՝ բոլորին», - նշեց Հայրիկյանը:

Տեղում հավաքված քաղաքացիները, ովքեր Մաքսային միությանը միանալու դեմ կոչերով պաստառներ ունեին, ասացին, որ եկել են պայքարելու նաև իրենց երեխաների ապագայի համար։

Հայրիկյանի խոսքով նախագահականի դիմաց ցույցեր կանեն ամեն օր ժամը 12-ից 17-ը, իսկ արդեն նոյեմբերի 29-ին՝ վիլնյուսյան գագաթնաժողովի օրը, Ազատության հրապարակում տեղի կունենա եզրափակիչ հանրահավաք։

Քիչ առաջ պարզ դարձավ, որ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է ցույցը և առաջիկա օրերին նախատեսված բողոքի ցույցեր չեն լինի, քանի որ իրենց տվյալներով Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս։ Այժմ Հայրիկյանը իր աջակիցների հետ պատրաստվելու է նոյեմբերի 29-ի հանրահավաքին։
XS
SM
MD
LG