Մատչելիության հղումներ

logo-print

Ալֆարոն ամենաճիշտ ընտրություններից է Հայաստանի հավաքականի համար․ մեկնաբան


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկում են արգենտինացի Գուսվատո Ալֆարոյի թեկնածությունը:

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայրապետյանը նաև նշել է, թե իրեն գոհացրել է այն փաստը, որ արգենտինացի մասնագետը հարցրել է, թե որն է լինելու իր առջև դրված խնդիրը, ինչին ի պատասխան ՀՖՖ նախագահն ասել է․ - «Եվրո-2016»-ի ուղեգիր նվաճելը»:

ՀՖՖ նախագահը հավելել է, որ այս պահին դիտարկվում է Հայաստանի հավաքականի մարզչի՝ 10-ից ավելի թեկնածություն, սակայն Երևան է գալու առայժմ միայն Այֆարոն՝ պայմաններին ծանոթանալու համար:

Մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը Ալֆարոյի թիմի խաղաոճին ծանոթ է դեռ 2010-ից: Նշում է, որ եթե, այդուհանդերձ, արգենտինացի մարզիչը գլխավորի Հայաստանի հավաքականը, մերոնց խաղաոճը էականորեն չի փոխվի:

«Ալֆարոն, ըստ իս, ամենաճիշտ ընտրություններից մեկն է Հայաստանի հավաքականի համար, քանի որ «Արսենալը» ամենակայուն խաղ ցուցադրող թիմերից է այսօր Արգենտինայի առաջնությունում: Մարտավարության տեսանկյունից էլ՝ հիմնականում խաղում է 5-4-1 տակտիկական սխեմայով, այնպես ինչպես Հայաստանի հավաքականը․ երեք առաջ քաշված կիսապաշտպանով, երկու հենակետայինով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարզական մեկնաբանը:

Նրա խոսքով լավագույն տարբերակը կլինի այն, որ գլխավոր մարզիչ նշանակվի սեպտեմբերին կայանալիք «Եվրո 2016»-ի ընտրական փուլից առնվազն 5-6 ամիս առաջ:

Գուստավո Ալֆարոն, համացանցում առկա տեղեկությունների համաձայն, 51 տարեկան է, ֆուտբոլում է առնվազն 25 տարի, սկզբում հանդես է եկել որպես կիսապաշտպան, այնուհետև անցել մարզչական կարիերայի՝ 20 տարվա ընթացքում մարզելով մոտ մեկ տասնյակ արգենտինական ակումբների:

Այս պահին աշխատում է արգենտինական «Արսենալի» հետ, որն, իհարկե, այդքան հայտնի չէ, որքան իր անգլիական անվանակիցը, սակայն ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող երկրում այս պահին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
XS
SM
MD
LG