Մատչելիության հղումներ

Ռուսաստանն օկուպացնում է Հայաստանը, վերջ է տալիս հայոց պետականությանը, իսկ հայաստանյան իշխանական և ընդդիմադիր ուժերը (հանձին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի) չեն համարձակվում ընդդիմանալ, որովհետև իրականում Ռուսաստանի շահերին ծառայող, օտարածին և կոռումպացված ուժեր են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Կոնկորդ» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանը ընդգծեց՝ իշխանական, ընդդիմադիր այդ ուժերը «մեր պետականության 5-րդ շարասյունն են»:

«Հայտարարելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ, ըստ էության, մանդատ տվեց Ռուսաստանին՝ կառավարելու Հայաստանը: Անդամակցությունը Մաքսային միությանը հակասահմանադրական է, և դրանով մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, իսկ առանց ինքնիշխանության չկա պետականություն», - նշեց Շահնազարյանը, - «Եվ հիմա սրընթաց գնում է մի գործընթաց, որը հանգեցնելու է նրան, որ Հայաստանը ամբողջովին կազմի ռուսական կայսրության մաս»:

Նրա խոսքով, եթե մենք խորհրդարանում ունենայինք ուժեր, որոնց համար արժեք է Հայաստանի պետությունը և ինքնիշխանությունը, սեպտեմբերի 3-ից հետո պետք է անմիջապես բարձրացվեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որովհետև նրա գործողությունները ամբողջովին հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Այսօրվա մեր Ազգային ժողովը, բացառությամբ հատուկենտ պատգամավորների, ամբողջապես վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի միջոցով, երկրորդ մասը՝ առաջին հերթին հանձինս ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցով: Մինչև սեպտեմբերի 3-ը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, արդեն իրենց ողջ գործունեությամբ Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացը հանձնել էին Մոսկվային», - նշեց Դավիթ Շահնազարյանը:

ԱԱԾ նախկին տնօրենի ներկայացմամբ, Մաքսային, իսկ հետո նաև Եվրասիական միությանը անդամակցությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունն ամբողջովին կտնօրինի Ռուսաստանը, իսկ դա ուղղակի սպառնալիք կստեղծի «ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար», քանի որ, ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ առաջիկայում՝ Ռուսական կայսրության կազմում գտնվող Հայաստանը չի կարողանա կանխել Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին:

«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 88 թվի շարժումը ճնշվում էր ռուսական բանակի և ռուսական տանկերի միջոցով՝ Երևանի կենտրոնում», - ասում էր նա, - «Առաջիկայում մենք կմտնենք մեր անկախության համար պայքարի մի նոր փուլ: Այն ինչ արեցինք 1988թ․-ին պարզվում է՝ քիչ է: Այդ պայքարը դեռ չի ավարտվել: Կասկած չունեմ, որ այդ պայքարը ավարտվելու է մեր անկախության հաղթանակով»:

Դավիթ Շանհազարյանը վստահ է, որ մոտ ապագայում բողոքի մեծ ալիք կբարձրանա․ - «Հիմա Հայաստանում կան դիմադրության առանձին օջախներ: Ժամանակի ընթացքում դրանք ինքնուրույն կկազմավորվեն՝ որևէ կասկած չունեմ դրանում»:
XS
SM
MD
LG