Մատչելիության հղումներ

ՊՆ փոխնախարարը հերքում է «Էրեբունի» օդանավակայանը ռուսներին հանձնելու լուրը


Հայկական և ռուսական ստորաբաժանումները համատեղ ռազմավարժանքների ժամանակ, արխիվ

Հայկական և ռուսական ստորաբաժանումները համատեղ ռազմավարժանքների ժամանակ, արխիվ

«Էրեբունի» օդանավակայանում ռուսական 18 ուղղաթիռների տեղակայումը բխում է Հայաստանի անվտանգությունից: Այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պարզաբանեց Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, պնդելով, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանը համաձայնել է ամբողջությամբ ռուսներին փոխանցել «Էրեբունու» օդանավակայանը:

Անցած շաբաթ կառավարությունը որոշեց ռուսական 102-րդ ռազմաբազային նոր տարածքներ տրամադրել՝ ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում:

«Խնդիրը կայանում է նրանում, որ «Էրեբունու» օդանավակայանի որոշակի հարակից հատվածներում վերակառուցումներ իրականացվի, հաշվի առնելով ուղղաթիռների էսկադրիլիա տեղակայելու համար, ինչը բխում է նաև մեր անվտանգությունից: Ի դեպ, խոսակցություն էր գնում, որ «Էրեբունի» օդանավակայանն են հանձնել: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող լինել: Ուղղակի մեկնաբանությունը չէր համապատասխանում իրականությանը», - ասաց Արա Նազարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այդ ուղղաթիռները ի՞նչ նշանակություն են ունենալու, մասնակցելո՞ւ են, եթե Հայաստանին վտանգ սպառնա, փոխնախարարը պատասխանեց․ - «Դե դա արդեն ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում է գործելու, եթե մի կողմի վրա հարձակում է դիտվում, դա դիտվում է հարձակում ՀԱՊԿ մյուս անդամների վրա»:

Պաշտպանության փոխնախարարը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին էր ներկայացնում այս տարվա հունիսին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Այս պայմանագիրը, որը դեռ պետք է վավերացվի Ազգային ժողովի կողմից, նախատեսում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում պարզեցված կարգով: Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց փոխնախարարը, այս պայմանագրի շնորհիվ Հայաստանը կարող է ավելի մատչելի գներով զինատեսակներ ներկրել Ռուսաստանից:

Ի դեպ, Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիր ունի նաև Բելառուսի հետ:

«Տարբեր տեսակի զինատեսակներ, որոնք պետք է ներմուծվեն, այսինքն մատակարարվեն, այսինքն առանց միջնորդավորված կազմակերպությունների, հնարվորություն է ընձեռում անմիջականորեն Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների կողմից ռազմական նշանակության արտադրանքներ մատակարարել: Իսկ երբ որ միջնորդավորված է լինում, արդեն ծախսերը մեծանում են», - պարզաբանեց Արա Նազարյանը:

Չմանրամասնելով՝ պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, թե այսօր Հայաստանը ունի բավարար միջոցներ իր անվտանգությունը ապահովելու, այդ թվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված սմերչին հակազդելու համար:

«Հետաքրքիր հարցեր»


Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարցրեցինք, թե արդյոք Պաշտպանության նախարարությունը տեղյա՞կ է, որ Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքում են ռուսական ռազմաբազայի հրաձգարանի հասցրած վնասներից: Մասնավորապես գյուղացիների փոխանցմամբ, ժամկետանց զինատեսակների պայթեցման արդյունքում փշրվում են իրենց տան ապակիները , թուլանում են տանք հիմքերը, Կապս գյուղի դպրոցն արդեն սեյսմակայուն չէ: Այս ամենից բացի ռուս զինվորները տանկերով մտնում են գյուղացիների դաշտերը և վնասում սերմնացանը:

«Նմանատիպ խնդիրներ բարձրացված էին բնակչության կողմից, մեր համապատասխան ծառայությունները զբաղվում են այդ հարցով: Պետք է նախ այդ ինֆորմացիան ճշգրտվի՝ համապատասխանում է իրականությանը, թե ոչ, որից հետո, բնականաբար միջոցներ են ձեռնարկվելու, իհարկե», - նշեց փոխնախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ տեղյակ չե՞ն, ինչո՞ւ են մարդկանց դաշտերը մտնում տանկերով, փոխնախարարը արձագանքեց․ - «Հետաքրքիր հարցեր եք տալիս, գիտե՞ք»:
XS
SM
MD
LG