Մատչելիության հղումներ

Մարվեց ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը


Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը

Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։

Արտգործնախարարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:

«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը: Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում», - ասել է, մասնավորապես, Էդվարդ Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Հոկտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը: Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ»:

«Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ», - ասել է արտգործնախարարը՝ ցանկություն հայտնելով, որ «Հայաստանի նախագահության խորհրդանշանով դրոշմանիշերը շարունակեին տարածել Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որոնց նպատակը մարդու ազատությունն է, մարդկանց հավասարությունը, փոխըմբռնումը, երկխոսությունն ու բարեկամությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG