Մատչելիության հղումներ

logo-print

Թոշակի խնդիր. Բարեկեցիկ ծերության խոստումներին քչերն են հավատում


Բողոքի ակցիա պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ, 21-ը նոյեմբերի, 2013

Բողոքի ակցիա պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ, 21-ը նոյեմբերի, 2013

Պետական մակարդակով պարտադիր կուտակային կենսաթոշակի առավելությունների քարոզին զուգընթաց համակարգի ընդդիմախոսներն իրենց հաշվարկներն ու ուսումնասիրություններն են անում, որոնք, մեղմ ասած, հուսադրող չեն:

Մտահոգիչ թվաբանական հաշվարկ է արել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը․ մինչ այս օրենքն ընդունողները պնդում են, որ ամեն ինչ արվում է քաղաքացիների բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար, պատգամավորի հաշվարկները ցույց են տալիս, որ նվազագույն աշխատավարձ ստացող մարդը 20-30 տարի հետո կհասկանա, որ սա այն ապահով ծերությունը չէ, որ պետությունը նրան խոստացել էր։

«Ենթադրենք գրադարանավարուհին պետք է ստանար 45 հազար դրամ թոշակ, ապա այս օրենքը ընդունելուց հետո, եթե նա 18 տարեկանից մինչև թոշակային տարիքը աշխատի իր սիրած և ընտրած մասնագիտությամբ, կստանա 35 հազար դրամ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՞վ է այս հաշվարկներն արել», - ասաց Քոքոբելյանը։

Օրենքի ջատագովները, սակայն, պնդում են, որ ժողովրդագրական խնդիր ունեցող, ծերացող պետության համար այս բարեփոխումը ոչ թե անհրաժեշտ է, այլ հրատապ է, պետությունն այսպես թեթևացնում է իր ֆինանսական բեռը: Օրենքի ընդդիմախոսներն էլ վրդովվում են՝ ինչո՞ւ են փորձում մեկ խնդիրը լուծելու փոխարեն այլ խնդիր առաջացնել: Մի բան ակնհայտ է՝ հաջորդ տարվանից 1974 թվականից հետո ծնվածները այս սոցիալական բարեփոխումների արդյունքում 5 տոկոսով պակաս աշխատավարձ են ստանալու: Պետական այրերը հանգստացնում են՝ զարգացող աշխարհն այսօր հետևում է հենց այս նոր մոդելին, ի վերջո միջազգային փորձ է ուսումնասիրվել, Չիլիի, Էստոնիայի օրինակին ենք հետևում:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձում է՝ գո՞ւցե այդքան էլ լավ չի ուսումնասիրվել Էստոնիայի փորձը.- «Նախ Էստոնիայում աշխատողը երկու տոկոսն է տալիս։ Էստոնացիները հաշվել են՝ էնքան աղքատ են իրենք [չնայած մեզնից հինգ անգամ հարուստ են], որ չի կարելի այդ մակարդակում հինգ տոկոսը վերցնել։ Իսկ գործատուն տալիս է չորս տոկոս և չորս տոկոսով պետությունից արտոնություն է ստանում»։

Ի տարբերություն նախկին վարչապետ Բագրատյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դրական է վերաբերվում պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը, սակայն, կարծում է, որ պետական այրերն արեցին ու անում են ամեն ինչ հանրության մոտ թյուր կարծիք և անվստահություն առաջացնելու համար: Ասատրյանը կարծում է, որ իշխանության ներկայացուցիչների ամենաարդյունավետ քայլը կլիներ օրենքի կիրառման զուգընթաց թեթևացնել քաղաքացիների հարկային բեռը:

«Խնդրեմ, եկեք նվազեցնենք եկամտահարկը՝ մանավանդ փոքր ապահովվածների համար։ Իսկ վա՞տ է, որ հինգ տոկոս ետ եք գցելու։ Իհարկե, շատ վատ է, որ որևէ մեկի առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը ավելի է վատանում, բայց թող այդ խավի համար եկամտահարկի նվազեցում լինի։ Ցավոք, այս իշխանությունները ճկունությունը կորցրել են, մտածելու ունակություն չունեն»,- ասաց Ասատրյանը։

Պետության նկատմամաբ վստահության պակասն է այսօր բնակչության մոտ անհանգստության պատճառ դարձել: Օրենքի ընդդիմախոսները ոչ միայն մտահոգված են այսօրվա աշխատավարձի նվազեցման փաստով, այլ չկա վստահություն, որ 20 տարի հետո կկարողանան ետ ստանալ իրենց փողերը, հատկապես, որ դրանք ոչ թե պետական, այլ մասնավոր ֆոնդերում են ի պահ դրվելու: ԿԲ նախկին նախագահն այստեղ մեծ ռիսկեր չի տեսնում, մինչդեռ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ սա բիզնես է, որի ետևում է կանգնած է երկրի բարձրագույն իշխանությունը:

«Եթե սա պարտադիր կուտակային է, ապա թող պետական լինի, այսինքն ավելացրեք պետական կենսաթոշակային ֆոնդի վրա, ինչո՞ւ եք ինձանից պոկում, տանում ձեր ընկերոջը տալիս փողը։ Պարզվում է՝ և ԱՊՊԱ-ի, և կուտակայինի ետևում կանգնած է հանրապետության բարձրագույն ղեկավարությունը՝ որպես բիզնեսմեն»,- ասաց Բագրատյանը։

Ի դեպ, այս օրենքը ընդունվեց այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը դեպի Եվրոպա էր, մինչդեռ այսօր Մաքսային միությանը միանալու Հայաստանի ձգտումներն օր օրի ավելի իրատեսական են դառնում: Բագրատյանը նկատում է, որ Եվրասիական միության անդամակցելու համատեքստում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է խնդիրներ ստեղծել, քանի որ Ռուսաստանը դեռ 2006 թվականին համակարգը փորձակելուց հետո պարզապես հրաժարվեց դրանից: Բագրատ Ասատրյանը այստեղ վտանգներ չի տեսնում և վստահ է, որ ներդրվող համակարգը երկրի բարեկեցիկ ապագայի երաշխիքն է:

«Հայի մեջ միշտ դրված կա, չէ՞, սև օրվա համար ետ գցելը»,- ասում է նա։

Ներդրվող համակարգի դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիները, որոնք ամեն շաբաթ հանդիպում-քննարկում են կազմակերպում Մաշտոցի պուրակում, վճռական են՝ պայքարելու են օրենքի դեմ, քանզի մինչև «սև օրվա» գալը մտադիր են ապրել պայծառ ներկայով: Այսօրվա հանդիպման ընթացքում էլ հավաքվածները հայտարարեցին մեծամասշտաբ հանրահավաք կազմակերպելու մասին, որն ամենայն հավանականությամբ տեղի կունեն դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը:
XS
SM
MD
LG