Մատչելիության հղումներ

Պուտինի այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները «կդրվեն ավելի բարձր մակարդակի վրա»


Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը սեպտեմբերի 3-ին
Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը սեպտեմբերի 3-ին
Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստան կատարելիք այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները կդրվեն էլ ավելի բարձր մակարդակի վրա, ուրբաթ երեկոյան իշխող Հանրապետականի Գերագույն մարմնի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք դրա համար ամեն ինչ անելու են։

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը համարում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ, բայց Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, և որպես իշխող քաղաքական ուժ՝ իրենք շահագրգռված են և ամեն ինչ անելու են, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան թե հումանիտար, թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական և թե մշակութային ոլորտներում։

«Կարծում եմ՝ այդ հետաքրքրությունը երկուստեք է՝ թե հայկական, և թե ռուսական կողմերից»,- եզրափակեց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի այցի ժամկետներին, Շարմազանովը հայտարարեց, որ ինքը չէ այն գործիչը, որ պետք է հայտնի այցի ժամկետները։

Հանրապետականի ղեկավար մարմնի նիստում, որն ի դեպ, վարում էր կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են նաև վերջերս Վիեննայում ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցած բանակցությունները։ Արդյունքները կուսակցությունում դրական են գնահատվել։

Վիեննայում կայացած բանակցությունների ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտնել էր, որ բանակցությունները նորմալ են ընթացել։ Շարմազանովը բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել նախագահը։

««Նորմալ» նկատի ունեինք բանակցությունների վերսկսում. երբ բանակցությունները վերսկսում են, նշանակում է, որ խաղաղ կարգավորման ջանքերը իզուր չեն անցնում, և երբ կողմերից մեկը, որը գրեթե երկու տարի խոսել է ռազմական հռետորաբանության լեզվով, վերադառնում է բանակցությունների սեղան, սա հույս է ներշնչում, որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն, որովհետև հայկական կողմերը բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա միայն ու միայն խաղաղ կարգավորում»,- ասաց կուսակցության խոսնակը։

Մոտ մեկ շաբաթից Վիլնյուսում տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և մինչ այս պահը պարզ չէ` արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրելու է Հայաստանը և արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս։ «Ազատության» այն հարցին, թե քննարկվե՞լ են արդյոք այս գագաթնաժողովին վերաբերող հարցեր, Շարմազանովը խուսափեց պատասխանել՝ հավելելով, որ արտգործնախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վիլնյուսի հետ կապված ամեն ինչ որոշված է, սակայն նա նույնպես չէր ցանկացել այլ մանրամասներ հաղորդել։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից չեն հրաժարվի

Կուսակցության երեկվա նիստում քննարկվել են նաև ներքաղաքական հարցեր։ Անդրադառնալով վերջին շրջանում կուտակային կենսաթոշակային նոր համակարգի դեմ բողոքի ալիքին՝ իշխող մեծամասնության ներկայացուցիչը ևս մեկ անգամ պնդեց՝ բազմակարծությանը լավ են վերաբերում, բայց որոշումից ետ կանգնել չեն պատրաստվում։

«Բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև պառլամենտում քննարկումների արդյունքում ընդունվել է օրենք, և այդ օրենքը պետք է մտնի կիրառության մեջ։ Շատերը ասում են, որ ընդդիմությունը դեմ է, կամ հասարակության մի հատվածը դեմ է. ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում որպեսզի իշխանությունը իրականացնի ընդդիմության ծրագրերը, նման բան չի լինում։ Մի ձև կա՝ ընտրություններում հասնել առավելագույն քանակի ձայների։ Կա իշխող կոալիցիա, որը 2012 թվականին պառլամենտական ընտրությունների ժամանակ ստացել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեն։ Այդ քվեն նշանակում է, որ իմ հասարակության մեծամասնությունը ինձ պատվիրում է իրականացնել իմ կառավարության քաղաքականությունը առաջիկա 5 տարիների ընթացքում, և ընդդիմությունը մեկ խորհուրդ պիտի տամ, կարծում եմ՝ նրանք պետք է սպասեն 2017 թվականին»,- ասաց Շարմազանովը։
XS
SM
MD
LG