Մատչելիության հղումներ

«Երկու դեպքում էլ եղել է իշխանության կորստի ճնշում»


Հայաստանը և Ուկրաինան համեմատության մեջ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, թե՛ Հայաստանին, թե՛ Ուկրաինային որդեգրած եվրոպական գծից շեղեց Ռուսաստանը՝ ճնշումներով: Տարբերությունն այն է, որ Ուկրաինան մեզանից 80 օր ավելի դիմադրեց՝ ունենալով տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

«Երկու դեպքում էլ եղել է իշխանության կորստի ճնշում, որ եթե չստորագրեք՝ դուք իշխանություն կկորցնեք», - մեկնաբանում է Մարտիրոսյանը:

Սովետական այլախոհ Պարույր Հայրիկյանն ասաց՝ Մաքսային միություն ստեղծելու՝ Ռուսաստանի փորձն ուղղված է Եվրամիության դեմ: Ուկրաինային, կարծում է, հաստատ ճնշել են:

«Ուկրաինացի պատգամավորը, այս պահին անունը չեմ հիշում, հստակ տեղեկացնում է, որ Պուտին – Յանուկովիչ հանդիպման ժամանակ Պուտինը թղթածրար հանում և դնում՝ տես, դու որպես գործակալ ինչեր ես արել, ուզո՞ւմ ես, որ ուկրաինական ժողովուրդն իմանա դու ինչեր ես արել: Դա հիմնական գործոնն է՝ մարդկային գործոնը», - մեկնաբանեց Պարույր Հայրիկյանը:

Ռուսաստանը՝ Ռուսաստան, բայց Եվրոպայի պարտվողականություն էլ Պարույր Հայրիկյանի սրտով չէ․ - «Այդ դեպքում դու պետք է ասես՝ ինչ եք խոսել, ինչ եք արել՝ դա ձեր խնդիրն է: Մինչև այսօր ինչ պայմանավորվել ենք, գնում ենք մինչև վերջ: Ի՞նչ եք անում, այդ ո՞ր պայմանագրի հիման վրա եք դուք հրաժարվում ձեր երկարատև բանակցություններից»:

Հանրապետականի մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի կողմից Եվրոպայի արևելյան գործընկերներ Ուկրաինայի և Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու պնդումներին ի պատասխան ասաց․ - «Որոշումը կայացվել է Երևանում: Հայաստանը դեռևս սեպտեմբերի 3-ին նախագահ Սարգսյանի մակարդակով Մոսկվայում հայտարարեց, որ պատրաստ է միանալ Մաքսային միությանը և միևնույն ժամանակ հայտարարվեց, որ պատրաստ ենք շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպական կառույցների հետ և այդ հարցը մնում է մեր քաղաքական օրակարգում»:

Պարույր Հայրիկյանը Եվրասիական միության կայացման ձգտումներում Սովետմիություն կայացնելու թաքուն ցանկություններ է տեսնում․ - «Աղբյուրը Վոլոդյաներն են, իսկ Վոլոդյա նշանակում է Վլադի-միր՝ տիրիր աշխարհին»:

«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ չի կարծում, թե Ռուսաստանը գնում է Սովետմիության վերականգնման ճանապարհով․ - «Խորհրդային Միություն վերականգնելու համար հսկայական նյութական ռեսուրսներ են պետք, մինչդեռ հենց իրենք՝ ռուսական դաշտի ներկայացուցիչներն ասում են, որ նավթի գինը, սպասում են, որ կիջնի: Դա իր հետ բերում է տնտեսական խնդիրներ առանց այն է բարդ տնտեսական վիճակում գտնվող Ռուսաստանին»:
XS
SM
MD
LG