Մատչելիության հղումներ

Պուտին. Ռուսաստանը Ուկրաինային շանտաժի չի ենթարկել


Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումներն ու շանտաժն է պատճառը, որ Ուկրաինան կասեցրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, այդ մասին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Այդ մասին լիտվական լրատվական գործակալությանը հայտնել է Գրիբաուսկայտեի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը. նրա խոսքով` Յանուկովիչը պատմել է, որ Ռուսաստանը սպառնացել է սահմանափակել ուկրաինական ապրանքների մուտքը ռուսական շուկա, ինչը կարող է միլիարդավոր դոլարի վնաս հասցնել Ուկրաինային:

Ռուսաստանի կողմից Ուկրաինային ուղղված հնարավոր սպառնալիքների և շանտաժի մասին այսօր հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, ինչին Պուտինը շատ ուշագրավ է արձագանքել՝ նշելով, թե ինքը տեղյակ չէ, թե ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները իրենց մասնավոր հեռախոսազրույցում, և այդ մասին թերևս հարկ է հարցնել իրենց ամերիկացի գործընկերներին: Ռուսաստանի նախագահի այս արձագանքը ծիծաղ է առաջացրել ասուլիսի դահլիճում:

Պուտինը այնուհետև բացատրել է, որ եթե Ուկրաինան մտնի Եվրամիության տնտեսական ազատ գոտի և զրոյացնի իր մաքսատուրքերը Եվրամիության երկրների հետ, ապա դրանից տուժելու է ռուսական շուկան: Քանի որ ռուսական շուկան էլ Ուկրաինայի հետ է զրոյական մաքսատուրքով աշխատում, ապա եվրոպական ապրանքը անարգել կհասնի Մոսկվա, իսկ ռուսական շուկան դեռ պատրաստ չէ մրցակցել եվրոպական որակի հետ, հետևաբար, եթե Ուկրաինան ստորագրի ազատ առևտրի պայմանագիրը, Ռուսաստանը ստիպված կլինի վերացնել բոլոր արտոնություններն այդ երկրի համար: Պուտինի խոսքով` սա զուտ տնտեսական ռացիոնալ որոշում է և ոչ քաղաքական:

Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա Ռուսաստանը հակադարձել է այս մեղադրանքներին` հայտարարելով, թե Ուկրաինայի նկատմամբ ինքը միայն եվրոպական ճնշումներն է տեսնում:

Պուտինի խոսքով, երբ հայտնի դարձավ, որ Ուկրաինան որոշել է հետաձգել Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը և ամեն ինչ նորից մի լավ ծանրութեթև անել, միանգամից սպառնալիքներ են հնչել Եվրոպայի կողմից` ընդհուպ մինչև զանգվածային բողոքի ակցիաների անցկացմանն աջակցելը:

Ռուսատանի նախագահի խոսքով` սա՛ է ճնշումը և հենց սա՛ է շանտաժը. իսկ կկարողանա Ուկրաինան դրան դիմակայել և պրագմատիկ դիրքորոշում որդեգրել իր ազգային շահերից ելնելով, պարզ կդառնա առաջիկա օրերին, հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նաև հավելել է, որ իրենք համաձայն են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկին` հանդիպել եռակողմ` Ուկրաինա-Եվրամիություն-Ռուսաստան ձևաչափով և քննարկել առկա խնդիրները: Ըստ Պուտինի` այս առաջարկը այն լակմուսի թուղթն է, որ ցույց կտա արդյոք որքանո՞վ է Եվրամիությունը լրջորեն տրամադրված և պատրաստ է բանակցություններ վարել, թե՝ ոչ:

«Միայն թե ոչինչ պետք չէ քաղաքականացնե»լ,- հայտարարել է Պուտինը` հավելելով, թե Թուրքիան Եվրամիության հետ բանակցությունների մեծ փորձ ունի և իրենք Թուրքիայի վարչապետից խորհուրդ կհարցնեն, թե ինչպես իրենց պահեն այս դեպքում:

Այս մեկնաբանությունը հարուցել է Էրդողանի ծիծաղը։ Նա իր հերթին հայտարարել է, թե, այո, Թուրքիան բավական լուրջ՝ 50 տարվա բանակցությունների փորձ ունի Եվրամիության հետ:

Հնարավոր եռակողմ բանակցությունների վերաբերյալ հարցին այսօր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը հայտարարել է.- «Ասոցացման համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր է Եվրամիության և Ուկրաինայի միջև, սակայն նաև Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, որի հետ մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք անցկացնում, և Ռուսաստանը շատ կարևոր առևտրային գործընկեր է մեզ համար, մենք կշարունակենք նրանց հետ խորհրդակցությունները բոլոր համապատասխան հարցերով, և ահա սա է այն ամենը, ինչ ես կարող եմ ասել այս հարցով»։

Ուկրաինայի որոշումը հիասթափեցրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարում են, որ հիասթափված են Ուկրաինայի որոշումից։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ասել է, սակայն, Ուկրաինայի ապագան Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդելու մեջ է տեսնում:

«Եթե Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրվեր, ապա դրանից ամենաշատը կշահեր հենց Ուկրաինայի ժողովուրդը, քանի որ այն կնպաստեր այդ երկրի բարգավաճմանն ու ազատության ամրապնդմանը»,- հայտարարել է Էշթոնը։

Նրա խոսքով` Եվրամիության առաջարկած այս հավակնոտ համաձայնագիրը պետք է ամրապնդեր Ուկրաինայի սկսած բարեփոխումենրը և ազդանշան տար ողջ աշխարհին և միջազգային ֆինանսական կազմակերպություններին այն մասին, որ Ուկրաինան լուրջ է մոտենում իր մոդերնիզացիային, և որ այդ երկիրը միջազգային շուկաների համար դառնում է կանխատեսելի և վստահելի գործընկեր:

Էշթոնը նշել է, որ Ուկրաինան փաստորեն հիասթափեցրել է ոչ միայն Եվրամիությանը, այլև սեփական ժողովրդին:

Ուկրաինայում բողոքի ցույցեր են կառավարության որոշման դեմ

Ուկրաինայի մի շարք քաղաքներում` Կիևում, Դոնեցկում, Լվովում, Ուժգորոդում երեկ երեկոյան բողոքի զանգվածային անժամկետ ակցիաներ են սկսել: Կիևի մայդանում հարյուրավոր մարդիկ նաև գիշերն են անցկացրել, ցույցերը Ուկրաինայի կառավարության որոշման դեմ շարունակվում են. «Ուկրաինան Եվրոպա է» վանկարկում են բողոքի ակցիայի մասնակիցները

Մինչդեռ Կիևի դատարանը սահմանափակել է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիաների անցկացումը՝ արգելելով` վրաններ կամ ծածկեր տեղադրել կենտրոնական հրապարակներում և փողոցներում:

Ուկրաինայի ընդդիմադիրները հայտարարել են, որ ստորագրահավաք են սկսում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի իմփիչմենթի նպատակով` վերջինիս մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ:

Այսօր խորհրդարանական ընդդիմադիրները, Եվրամիության դրոշները ձեռքներին, սուլոցներով են դիմավորել նաև խորհրդարան եկած Ուկրաինայի վարչապետին` Նիկոլայ Ազարովին, ով փորձել է բացատրել, թե ինչու է Ուկրաինան որոշել առայժմ չստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

Ազարովի խոսքով՝ դա դժվար որոշում էր, բայց դա միակ հնարավոր լուծումն էր տնտեսական այն իրավիճակում, որում գտնվում է Ուկրաինան և որ Ուկրաինայի կառավարության համար առաջնայինը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները վերականգնելն է:

Ազարովի ելույթի ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը վանկարկել է «ամոթ», նրա ուղղությամբ է նետել թղթերի կույտեր, դրանից հետո վարչապետը լքել է խորհրդարանական նիստերի դահլիճը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG