Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայ - իրանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

«Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարևանի և ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք այդ հարաբերությունները համարում ենք առանձնահատուկ և ցանկանում ենք խորացնել», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ, վկայում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության նույնպիսի ցանկության մասին»:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ - իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, զարգացման մեծ ներուժ ունեն:

Զրուցակիցները քննարկել են փոխշահավետ համագործակցության շրջանակներում իրականացվող էներգետիկ ծրագրերի ընթացքը:

Համիդ Չիթչիանը Սերժ Սարգսյանին փոխանցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և վերահաստատել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Ըստ նախարարի, Հայաստանի հետ իր երկիրն ունի շատ լավ և ջերմ հարաբերություններ, որոնք տարեցտարի ամրապնդվում են:

Իրանի էներգետիկայի նախարարը այսօր Երևանում հանդիպել է նաև Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ մինչ Երևան ժամանելը իրանական պատվիրակության փորձագիտական խումբը հայ մասնագետների հետ այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: «Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: Մասնագետները փաստեցին, որ ներդրված համակարգը ծառայում է նպատակին», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG