Մատչելիության հղումներ

Ռուսական կողմին հավելյալ տարածքներ տրամադրելը «բխում է ՀՀ անվտանգության խնդիրներից»


Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր ռազմական ավաններում, որոնց ցանկը անհրաժեշտության դեպքում ենթակա է փոփոխման, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով ռուսական ռազմակայանի համար տարածքներ հատկացնելու կառավարության երեկվա որոշումը՝ ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ըստ փոխնախարարի, ռուսական կողմին հավելյալ տարածքներ տրամադրելու վերջին որոշումը բխում է նաև Հայաստանի անվտանգության խնդիրներից: Նույն նկատառումներով, էլ ըստ փոխնախարարի, ռուսական ռազմակայանը համալրվում է 18 ուղղաթիռներով:

«ՀՀ անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխության պատճառով 102-րդ բազայի ռազմաօդային բաղադրիչը ուժեղացվում է մեկ ուղղաթիռային էսկադրիլիայով»,- ասաց Տոնոյանը։

Փոխնախարարը հստակեցնում է, որ Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով տրամադրվող տարածքները հայկական զինուժի կողմից չեն օգտագործվում և դրանք տրամադրվում են ժամանակավոր օգտագործման համար:

«Ժամանակավոր նշանակում է՝ այն ժամանակաշրջանը, որով երկարաձգված է ռուսական բազայի տեղակայումը Ռուսաստանում»,- հստակեցրեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկրարացնելու որոշումը:

Մեր հարցին, թե ի՞նչ պայմաններով են տրվում տարածքները և արդյոք ռուսական կողմը վարձահատո՞ւյց է լինում դրանց համար, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.- «ՌԴ-ն վարձահատույց չէ Հայաստանին ֆինանսական առումով, բայց մեր պայմանավորվածությունները մեր անվտանգության ապահովման առումով երևի թե ֆինանսականից ավելի բարձր են»։

Ի՞նչ նպատակով է արդիականացվում ռուսական ռազմակայանը, արդյոք ինչ-որ լարվածության ավելացում կա. Տոնոյանն ասում է.- «Սա ես ավելի շատ կկոչեի պրեվենտիվ բնույթ՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով, բայց ռուսական բազան ավելի ժամանակակից պայմաններին համապատասխան է դառնում»։

Տոնոյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ մեր երկրի իշխանությունների, հաշված ամիսներ են մնացել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելուն:

«Ռազմական համագործակցության առումով այն ոլորտներում, որոնցում մենք համագործակցում ենք, դա աջակցությունն է մեր բարեփոխումներին, մեր ռազմական կրթության զարգացմանը, խաղաղապահ փոխգործունակ կարողությունների ձևավորմանը, այդ առումով մենք չենք տեսնում, որ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության երկրների մեր համագործակցությունը ինչ-որ ձևով սահմանափակվելու է»,- ասաց նա։

Չկան այդպիսի նախադրյալները, և Հյուսիսատլանտյան դաշինիք հետ Հայաստանի համագործակցությունն իրականացվում է հաստատված անհատական գործողությունների ծրագրի շրջանակներում, հավելում է պաշտոնյան:

Պաշտպանության փոխնախարարի հետ զրույցում անդրադարձանք նաև վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ կրակոցների փաստին: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվացումը, համենայնդեպս, վերջին տարիներին նման բան չէր նկատվում, հարցրեցինք Տոնոյանին:

«Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում չեն եղել նախագահական ընտրություններ, չի եղել նաև նոր պաշտպանության նախարարի նշանակում։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սա ավելի շատ պայմանավորված է եղել այդ անցումային շրջանով՝ պաշտպանության նախարարի նոր նշանակման հետ կապված։ Համանախագահող երկրների հայտարարությունից հետո, որով ռազմական գործողությունների կարող էին դիտարկվել որպես խաթարող գործողություն՝ խաղաղության ամրապնդման ջանքերին, այդ պահից սկսած կտրուկ նվազել են հրադադարի խախտումները»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
XS
SM
MD
LG