Մատչելիության հղումներ

Սարգսյանը Ալիևի մոտ ԼՂ խնդիրը լուծելու ցանկություն է տեսել


Ավստրիա -- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, 19-ը նոյեմբերի, 2013

Ավստրիա -- Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, 19-ը նոյեմբերի, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղ կայացած խորհրդակցությունից հետո, ի պատասխան աշխատակիցների հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, նախագահը պատասխանել է.- «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին»։

«Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ»,- շարունակել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ նույն ցանկությունը առկա է նաև հայկական կողմի մոտ։

Սերժ Սարգսյանն ասել է՝ անձամբ ինքը ցանկանում է, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

«Բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»,- ասել է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG