Մատչելիության հղումներ

Արտգործնախարարն ասում է՝ Վիլնյուսի հետ կապված «ամեն ինչ որոշված է»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայացմամբ՝ արդեն ամեն ինչ որոշված է, թե ինչ է լինելու Հայաստանի հետ կապված Վիլնյուսում և ինչ պատվիրակությամբ մեր երկիրը կմասնակցի գագաթնաժողովին:

Նալբանդյանը նման հայտարարություն արեց այսօր Երևանում Գերմանիայի դեսպանատանը՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

Հայաստանի արտգործնախարարը, սակայն հրաժարվեց մանրամասնել՝ նշելով, թե «ամեն ինչի մասին կհայտնեն համապատասխան ժամկետում»:

«Ամեն ինչ որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետում»,- ասաց Նալբանդյանը՝ չմանրամասնելով, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանն է գլխավորելու հայկական պատվիրակությունը։

Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ուկրաինան դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բոլոր աշխատանքները:

Մեր այն հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ Կիևի որոշումը Եվրամիության Արևելյան գործընկերության ռազմավարության հետագա ընթացքի ու այդ թվում՝ Բրյուսել-Երևան հարաբերությունների վրա, Նալբանդյանը արձագանքեց.- «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Դրան հավելելու բան այս պահին չունեմ»։

Եվրամիության հետ [մեր հարաբերությունների] հեռանկարները պոզիտիվ են, լավ են և մենք շարունակելու ենք, ասում է արտգործնախարարը.- «Միևնույն ցանկությունը ունի Եվրամիությունը, ինչի մասին ասել էր Էշթոնը մեր հանդիպումից հետո Բրյուսելում, որ Եվրամիությունը ցանկանում է բոլոր ուղղություններով շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ»։

Հայաստանի արտգործնախարարը կեսօրին այցելել էր Երևանում Գերմանիայի դեսպանատուն․ վերակառուցումից հետո այսօր տեղի ունեցավ դեսպանատան պաշտոնական վերաբացումը: Օգտվելով առիթից, լրագրողները զրուցեցին նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ:

«Հայաստանը ինքը պետք է որոշի՝ արդյոք ներկա գտնվելու է վիլնյուսյան գագաթնաժողովին, թե՝ ոչ, և ինչ մակարդակով»,- ասաց դեսպանը:

«Սակայն հայկական կողմը, իհարկե, հրավիրվել է, և հանդիսանում է Եվրամիության Արևելյան գործընկերության արժեքավոր գործընկեր: Գիտեք՝ Հայաստանի նախագահն ասաց՝ մենք փորձում ենք անդամակցել Մաքսային միությանը: Ուստի՝ Եվրամիությունն էլ ասաց՝ անհնար է ստորագրել մյուս փաստաթուղթը: Սակայն, այնուամենայնիվ, մենք աշխատում ենք համատեղ հռչակագրի վրա, և հույս ունեմ, որ նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Վիլնյուսում: Դուք տեսնում եք, որ այլ երկրներ էլ այժմ խնդիրներ ունեն, բայց կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը շարունակվում է, այնպես չէ, որ ամեն ինչ վերջացած է, և Հայաստանը կմնա Արևելյան գործընկերության գործընկեր»:

Հարց հնչեց՝ արդյոք Վիլնյուսում Հայաստանի ու Եվրամիության միջև որևէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է.- «Ես դեռ չգիտեմ, սա դեռ քննարկումների առարկա է, սակայն հուսով եմ, վստահ եմ, որ փաստաթուղթ կլինի»,- պատասխանեց Ռայներ Մորելը:

Դեսպանը նաև անդրադարձավ Ուկրաինայի երեկվա որոշմանը՝ նշելով, որ պետք է սպասել՝ տեսնելու, թե գործընթացն ինչպես կզարգանա:

«Ես փոքր-ինչ ցավում եմ ուկրաինացիների համար, որովհետև նրանց մեծ մասը ցանկանում էր [Եվրամիության հետ կնքել Ասոցացման] համաձայնագիրը, և դա լավ կլիներ ժողովրդի համար: Սակայն իրե՛նք պետք է այդ որոշումը կայացնեն, նրանք ազատ են՝ որոշում կայացնելու հարցում, և Ուկրաինայի կառավարությունը, խորհրդարանը պետք է որոշեն այնպիսի քաղաքականություն իրականացնել, որը որ ցանկանում են»,- ասաց դեսպանը։
XS
SM
MD
LG