Մատչելիության հղումներ

Գյումրիի արվեստի երեք բուհերը չեն միավորվի


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Կրթության նախարար Արմեն Աշոտյանը այսօր Գյումրիում էր՝ լսելու, թե ինչու են ուսանողներն ու դասախոսները դեմ Գյումրիի երեք բուհերի միավորմանը, և նրանց փաստարկները լսելուց հետո հայտարարեց, որ «հավաքական կարծիքին դեմ որոշում չի կայացնի»։

Կառավարությունը որոշման նախագիծ է մշակել արդեն 16 տարի Գյումրիում գործող Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը միավորելու և Գյումրիի Արվեստի պետական ակադեմիա ստեղծելու մասին։

Ուսանողները միավորման դեմ արտահայտող պաստառներով դիմավորեցին կրթության նախարարին։ Աշոտյանն էլ ընթերցեց դրանք և արձագանքեց.- «Էս պաստառները շատ խոսուն են, հատկապես քաղաքի դեմքը կորցնելու մասին պաստառը։ Ես չեմ ուզում Գյումրին իր դեմքը կորցնի, ես ուզում եմ Գյումրին իր դեմքը ամրապնդի։ Եթե այդ ամրապնդման համար անհրաժեշտ է միավորում, անենք միավորում, եթե ամրապնդման համար անհրժեշտ չէ միավորում, չանենք միավորում»։

Նախարարն ասում է՝ բուհերի միավորումը թանկ հաճույք է. - «Որպեսզի այս միավորումը կայանա, աշխատի և զարգանա, նվազագույնը 100 միլիոն դրամ է անհրաժեշտ։ Հիշում եք, «Կովկասի գերուհին» ֆիլմում գլխավոր հերոսներից մեկն ասում է՝ այսքանից հետո կամ ես իրեն կտանեմ ԶԱԳՍ, կամ ինքը ինձ տանում է դատախազի մոտ։ Հիմա մոտավորապես նման իրավիճակ է, մեզ մոտ, ես ուզում եմ մենք գնանք ԶԱԳՍ, եթե երկընտրանքը դա է»։

Նախարարի «զագսավորման» տարբերակը չստացվեց, մնաց դատախազի մոտ գնալու տարբերակը, քանի որ բոլոր ելույթ ունեցողները դեմ խոսեցին մասնաճյուղերի միավորմանը։

Ի վերջո նախարարն ասաց.- «Հավաքական կարծիքին հակառակ որոշում կայացնելու իմաստ ու ցանկություն չունեմ։ Գաղափարը շատ լավն է, բայց եթե այն մարդիկ, ովքեր պետք է կյանքի կոչեն դա, չեն ուզում, չեն հավատում դրան, անիմաստ է դա անել»։
XS
SM
MD
LG