Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին «գորշ կարդինալ» չի դառնա


Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում տված ասուլիսներից մեկի ժամանակ, Թբիլիսի, հոկտեմբեր, 2013թ․

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում տված ասուլիսներից մեկի ժամանակ, Թբիլիսի, հոկտեմբեր, 2013թ․

Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում որևէ կերպ միջամտել վրացական նոր իշխանությունների գործողություններին: Այս մասին Վրաստանի ամենահարուստ բնակիչը հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալուց մի քանի ժամ անց` վրաց հանրության ուղղված և «Հետգրություն» վերնագրված բաց նամակի միջոցով:

«Ես չեմ պատրաստվում կուլիսներից ուղղորդել նոր իշխանություններին, սակայն որոշակի ազդեցություն կունենամ` որպես հանրության ակտիվ անդամ», - նշում է Իվանիշվիլին` հակադարձելով այն պնդումներին, թե քաղաքականությունից հեռանալով հանդերձ` նա շարունակելու է խաղալ վրացական քաղաքականության «գորշ կարդինալի» դերը:

«Այժմ, երբ ես հեռացել եմ քաղաքականությունից, ցանկանում եմ պատասխանել այդ աբսուրդային մեղադրանքներին: Երբ 2003 թվականին մեր երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ, երեք տարի շարունակ ես բազմաթիվ անգամներ հանդիպել եմ այն ժամանակվա նախագահ Սաակաշվիլիի հետ: Ավելին, երկուսուկես տարի շարունակ իմ իսկ նախաձեռնությամբ ֆինանսավորել եմ այն հիմնադրամը, որ վճարում էր կառավարության ու խորհրդարանի բոլոր անդամների աշխատավարձերը», - նշում է Իվանիշվիլին` հավելելով․ - «Դրա հետ մեկտեղ, նման կուլուարային կապեր ունենալով իշխանության հետ` ես չեմ մասնակցել և ոչ մի նախարարի կամ վարչապետի նշանակման գործընթացին»:

Առաջիկայում Իվանիշվիլին խոստանում է զարգացնել քաղաքացիական հասարակության կառույցները` օգտագործելով սեփական միջոցները:

Թբիլիսցի որոշ փորձագետների կարծիքով, սակայն, արդեն նախկին վարչապետի այս նախաձեռնությունը բավական վտանգավոր է:

«Վտանգավոր է, երբ քաղաքական լուրջ ներուժ և անսահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող մարդը ցանկություն է հայտնում զարգացնել քաղաքացիական սեկտորը: Քանի որ նա կարող է զարգացնել այն, ինչ իրեն է դուր է գալիս, իսկ մնացած ամեն ինչ պարզապես սառեցված վիճակում կհայտնվի», - նշում է, մասնավորապես, փորձագետ Էլենե Խոշթարիան:

Իվանիշվիլին, սակայն, այս մտավախությունները հերքում է:

«Իմ գործունեությունը թափանցիկ է լինելու` հիմնված հստակ արժեքների վրա: Մարդու իրավունքներ, Ամերիկան որպես Վրաստանի ռազմավարական դաշնակից, հարևանների հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն՝ սրանք են այն արժեքները, որ ես դավանում են: Իմ ազդեցությունից պետք է վախենան միայն այն մարդիկ, ովքեր դեմ են վերը թվարկված արժեքներին», - նշում է Իվանիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG