Մատչելիության հղումներ

«Շվեյցարիան Անկարայի որևէ առաջարկ չի փոխանցել հայկական կողմին»


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայում այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ԱԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

Միսակյանը, մասնավորապես, նշեց, որ Արթուր Բաղդասարյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը չի կարող կապվել ղարաբաղյան հակամարտության լուծման հետ:

Արթուր Միսակյանը ընդգծեց՝ Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում շվեյցարական կողմը պաշտոնական Անկարայի որևէ առաջարկ՝ գրավոր կամ բանավոր, չի փոխանցել հայկական կողմին:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին Շվեյցարիա էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով շվեյցարացի իր գործընկերների հետ քննարկել էր նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցը, և, ըստ թուրքական հեղինակավոր «Զաման» պարբերականի, խնդրել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերին օգնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում, ինչը կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը:

Հայտնի է նաև, որ Շվեյցարիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 15-ին հանդիպումներ ունեցավ այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում երկրի նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, նշելով, որ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան վերստին ակտիվացրել է իր քայլերը՝ միջազգային հանրության մոտ տպավորություն թողնելու, թե նպատակ ունի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, և որ Դավութօղլուի հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցը նույնպես այդ նպատակն է հետապնդում, հայտարարեց.- «Ինչքան հասկացա, ինչը որ փոխանցվել է շվեյցարացիներին, իրենք փոխանցել են Հայաստանին. լրատվություն կար, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իր պաշտոնակցին Շվեյցարիայում, հայ-թուրքական հարցերն էլ քննարկվել են... կարծում եմ, փոխանցել է Շվեյցարիան, բայց դա գործընթաց չի նշանակում»:
XS
SM
MD
LG