Մատչելիության հղումներ

Իտալիայի դեսպանը հրաժեշտ տվեց Հայաստանի նախագահին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առառքելությունը ավարտող Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բրունո Սկապինիին պաշտոնավարման տարիներին կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ուղղված երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը: Նախագահն արձանագրել է, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է հայ - իտալական քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, որոնք արտահայտված են նաև ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշներում: Ռազմական, կրթամշակութային, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում ևս, ըստ նախագահի, արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն է ձևավորվել երկու երկրների միջև: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը և Իտալիան ունեն նաև միջխորհրդարանական սերտ շփումներ, հաջողությամբ է զարգանում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս ամենում, նախագահի համոզմամբ, մեծ է դեսպան Սկապինիի անձնական ներդրումը:

Բրունո Սկապինին ասել է, որ անցած տարիներին Հայաստանը հայտնաբերել է նոր լույսի ներքո և տեղում անմիջականորեն զգացել, թե որքան մոտ են միմյանց համանման խառնվածք և հույզեր ունեցող հայերն ու իտալացիները, և որքան ընդհանրություններ ունեն Հայաստանն ու Իտալիան՝ պատմամշակութայինից սկսած մինչև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մոտեցումներն ու աշխարհայացքը:

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է այդ հիասքանչ երկիրն իր մտքում և սրտում մշտապես պահելու հաստատ վճռով, և համարում է, որ չնայած ավարտվել է իր դիվանագիտական առաքելությունը, սակայն այդպիսով ամենևին չի ավարտվել Հայաստանին ու հայ ժողովրդին, հնարավորության սահմաններում, մշտապես օգտակար լինելու իր անձնական առաքելությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG