Մատչելիության հղումներ

Աբրահամյանը բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան


Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին է անդրադարձել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ երկրի մայրաքաղաք Բրազիլիայում չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ:

Աբրահամյանը ընդգծել է, որ այդ նախագիծը արտացոլում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները և հակասում հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը:

Նա շնորհակալություն է հայտնել Ալվեսին իր նամակին արձագանքելու, ադրբեջանական հերթական սադրանքին տուրք չտալու և բանաձևի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Էնրիկե Ալվեսը խոր ափսոսանք է հայտնել, որ նման բանաձևի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, և շեշտել, որ Բրազիլիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում ու սատարում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հովիկ Աբրահամյանը Էնրիկե Ալվեսին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հրավերը ընդունվել է:

Պաշտոնական հանդիպումից հետո Հայաստանի Ազգային ժողովի և Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահները ստորագրել են երկու խորհրդարանների միջև համագործակցության արձանագրություն:

Աբրահամյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում և Ալվեսի ուղեկցությամբ շրջայց կատարել Պատգամավորների պալատում, եղել է նիստերի դահլիճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG