Մատչելիության հղումներ

Երևանի շենքերի 80 տոկոսը սեյսմակայուն չեն


Երևանի շենքերի մոտ 80 տոկոսը չեն համապատասխանում այսօրվա սեյսմիկ նորմերին, 9 բալլ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում մեծ մասը ենթակա են փլուզման։

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայնախագծի» տնօրեն Գուրգեն Ազիզյանն ու հավելեց, որ բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցներն այսօր անարդյունավետ են ծախսվում։

«Առողջ շենքերը, որոնք այսօր կան, բայց կառուցված են մինչև 88 թվականը, դրանց վրա պետք է ուշադրություն դարձնել և այդ շենքերի սեյսմազինվածությունը բարձրացնել: Այն շենքերը, որոնք վնասված են, պետք է քանդել և նոր շենքեր կառուցել։ Պետք չէ վնասված շենքի վրա շատ ավելի շատ փող ծախսել՝ սկզբից նրան բուժել, հետո նրա սեյսմազինվածությունը բարձրացնել, երբ որ ավելի նպատակահարմար է դրանք քանդել և նորը կառուցել։ Այսօր այդ ծրագիրը դեռ մշակված չէ, ցավոք», - ասաց Ազիզյանը։

Նրա համար անընդունելի են նաև մանկապարտեզներում ու դպրոցներում իրականացվող կոսմետիկ նորոգումները այն դեպքերում, երբ արտաքին տեսքից հարդարված այդ շենքերը խարխուլ են հիմքից, և ոչինչ չի արվում դրանց սեյսմակայունությունը բարձրացնելու համար։

«Հայաստանի բոլոր դպրոցների, բոլոր մանկապարտեզների, բոլոր հիվանդանոցների
սեյսմազինվածությունը պետք է առնվազն բարձրացնել։ Չի կարելի ուղղակի վերանորոգման փողեր ծախսել, չէ որ երկրաշարժի ժամանակ, եթե դպրոցը պինդ է, նա դառնում է հիվանդանոց այդ պահին։ Այսինքն՝ այդ սիստեման է պետք մշակել», - նշեց Գուրգեն Ազիզյանը, ով նաև Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահն է։

Ըստ քաղաքապետարանի՝ Երևանում քանդման ենթակա ընդամենը 40-50 շենք կա։ Արտակարգ իրավիճակների նախարարության շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը, մինչդեռ, համոզված է, որ այս թիվը իրական պատկերը չի արտացոլում։ Ըստ մասնագետի՝ քանդման ենթակա են հազարավորները, խնդիրն այն է, որ որևէ մեկը 1988 թվականից ի վեր Երևանում շենքերի ուսումնասիրություն չի կատարել։

«40-50-ը, որ օգտագործվում է բառը վթարային, դրանք այն շենքերն են, որ այնքան ակնառու են, որ արդեն կարող է փլվեն վաղը», - ընդգծեց Նամալյանը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի խոսքով՝ սա ոչ թե մեկ օրվա, այլ տարիների հիմնախնդիր է։ Նա հավելեց, որ թեև մի քանի տարի առաջ կառավարությունը հարցը քննարկել է, որոշումներ մշակել, բարեփոխումներ առաջարկել ու ժամանակացույցի առումով՝ ծրագիրը տապալել, ու թեև այս պահի դրությամբ դրական արդյունքներ չկան, այդուամենայնիվ, հուսով է, որ գոնե առաջիկա 5 տարիների ընթացքում լուծումներ կգտնվեն։

«2014 թվականի ծրագրում արդեն մոտավորապես 8 վթարային շենքերի վերաբնակեցման խնդիր է դրվում, այդ թվում՝ երկու հանրակացարանի։ Իհարկե, սա խնդիրը չի լուծում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պողոսյանը։

Մասնագետները համաձայն են, որ այսօր բյուջեում, այնուամենայնիվ, խնդիրը վերջնականապես լուծելու համար բավարար միջոցներ չկան, բայց փաստում են, որ եղածն էլ կարելի էր ավելի նպատակային ծախսել։

«Ես ուզում եմ, որ օր շուտ սկսվի այդ գործընթացը։ Ինչքան մենք հեռանում ենք նախորդ երկրաշարժից, այնքան մոտենում ենք հաջորդ երկրաշարժին», - ասաց Ազիզյանը։
XS
SM
MD
LG