Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում նախագահը վերահաստատել է հայ - ճապոնական հարաբերություններն այսուհետ ևս համակողմանիորեն զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը: Ուղերձում Հայաստանի նախագահը անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի գործընկերության ու բարեկամության ամուր հիմքի վրա կառուցված և այսօր դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցության հեռանկարին: Սերժ Սարգսյանը նաև վերահաստատել է Ճապոնիայի վարչապետին ուղղված Հայաստան այցի իր հրավերը:

Հայաստանի նախագահը և Ճապոնիայի փոխարտգործնախարարը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից ընդգծվել են անցած տարի Հայաստանի նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ են խոսել միջազգային ասպարեզում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ու կարևոր հարցերում փոխադարձ աջակցության մասին:

Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հայ - ճապոնական գործակցության ընդլայնման հնարավորություններին: Փոխնախարարը երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ իր անվանի հայրենակցին՝ Ցուգիո Մակիմոտոյին, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացնելու համար:

Նույն օրը Ճապոնիայի արտգործնախարարի տեղակալին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG