Մատչելիության հղումներ

logo-print

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարողները կրկին ցույցի դուրս կգան


Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմում է կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ Ազգային ժողովի շենքի դիմաց ցույց անցկացնող քաղաքացիներին, 15-ը նոյեմբերի, 2013թ․

Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը դիմում է կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ Ազգային ժողովի շենքի դիմաց ցույց անցկացնող քաղաքացիներին, 15-ը նոյեմբերի, 2013թ․

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կրկին նամակ է ուղղել Ազգային ժողովի՝ իրենց սատարող պատգամավորներին: Նախաձեռնությունը կոչ է անում պատգամավորներին նորից հավաքել 44 ստորագրություն և խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ վստա՞հ են արդյոք, որ այս անգամ նիստը չի տապալվի և քննարկումներ կսկսվեն օրենքի շուրջ, կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարող քաղաքացիներից Տիգրան Մարտիրոսյանը արձագանքեց․ - «Հնարավոր է և տապալեն, բայց կարելի է, ինձ թվում է, փորձել: Այստեղ իրենց մոտեցման հարցն էլ է: Ինչքա՞ն պիտի տապալեն՝ դա է հարցը, էլի․ տապալեցին, մեկ անգամ էլ տապալեցին՝ հետո՞»:

Նախաձեռնության անդամները նամակում գրում են, որ եթե իշխանությունը կրկին բոյկոտի նիստը, իրենք նաև պահանջելու են օրենսդրական փոփոխություն կատարել՝ սահմանափակելու խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժի կողմից բոյկոտ իրականացնելու հնարավորությունը:

Մարտիրոսյանը նշեց, որ իրենց նամակները՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանին և վարչապետին, առայժմ պատասխան չեն ստացել, այդ պատճառով այսօր կրկին ցույցի դուրս կգան՝ կառավարության շենքի առջև:

«Պահանջելու ենք օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, ասենք՝ մենք փորձեցինք բովանդակային քննարկումներ ծավալել ու չի ստացվում, բովանդակային մասով իրենք ասում են, որ՝ «մենք չունենք ոչ մի բան քննարկելու, ամեն ինչ քննարկված է արդեն», դե, այդ դեպքում մենք էլ ուղղակի պահանջում ենք, որ պարտադիր կետը հանեն ընդամենը», - ասաց ակտիվիստը:

Թող նրանք, ովքեր ցանկանում են, իրենց գումարները վստահեն ֆրանսիական «Ամունդի» կամ ավստրո-գերմանական «Ցե-քվադրա» և «Տալանքս» ընկերություններին, նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, առայժմ հենց այս ընկերությունների, ինչպես նաև «ԱԿԲԱ-Կրեդի ագրիկոլ» բանկի կողմից է երկու հայտ ներկայացվել Կենտրոնական բանկ՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար: Նշենք նաև, որ նոյեմբերի 19-ի որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը, որին տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

Տիգրան Մարտիրոսյանի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ իրենց գումարները որևէ ընկերության վստահել ցանկացողները Հայաստանում շատ չեն:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությանը Facebook սոցիալական ցանցում արդեն միացել է 12․5 հազար մարդ, պայքարը պատրաստվում են շարունակել թե՛ իրավական դաշտում, թե՛ ցույցերի դուրս գալով:

«Ու հետո մարդիկ ռեալ տեսնեն, որ փողոցում ինչքան մարդ կա, ինչքան մարդ է պահանջում, էլի: Ոչ թե, ասենք, մի հինգ-տաս հոգի նամակ գրեցին՝ այդ հինգ-տաս հոգու նամակը, բնականաբար, հաշվի չեն առնի: Բայց եթե ռեալ փողոց դուրս եկած մարդիկ կան՝ պիտի որ հաշվի առնեն, իմ կարծիքով», - «Ազատություն» ռոդիակայանի հետ զրույցում ասաց Տիգրան Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG