Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի զինված ուժերում կվերականգնվի Գլխավոր շտաբը


Վրացական բանակի զինվորները ուսումնավարժանքների ժամանակ, արխիվ

Վրացական բանակի զինվորները ուսումնավարժանքների ժամանակ, արխիվ

Վրաստանի նոր իշխանությունները պատրաստվում են վերադառնալ բանակի կառավարման այն համակարգին, որ գործում էր երկրում մինչև 2007 թվականը:

Միխեիլ Սաակաշվիլիի` նախագահի պաշտոնից հեռանալուց հաշվված օրեր անց վրացական նոր իշխանությունները կարծես որոշել են վերանայել նախկին կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը` ռազմական բարեփոխումների արդյունքները:

Առաջիկա օրերին Վրաստանի նոր իշխանությունները պատրաստվում են վերադառնալ բանակի կառավարման այն համակարգին, որ գործում էր երկրում մինչև 2007 թվականը և իր բնույթով նման էր Ռուսաստանի կամ Հայաստանի զինված ուժերում առկա կառուցվածքին: Խոսքը նախևառաջ բանակային կառավարման միասնական օրգանի` Գլխավոր շտաբի վերականգնման մասին է:

Սաակաշվիլիի իշխանության տարիներին վրացական բանակն անցել էր զինված ուժերի համակարգման ամերիկյան տարբերակին, երբ ամեն մի զորատեսակ իր առանձին շտաբն ուներ, որոնք էլ, իրենց հերթին, միավորված էին Միասնական հրամանատարության հովանու ներքո:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի խոսքով, սակայն, ամերիկյան փորձը Վրաստանում այդպես էլ չաշխատեց: «Մենք առանձին զորատեսակներ չունենք: Նախկինում կային ռազմածովային, ռազմաօդային ուժեր, հետագայում դրանք որպես առանձին զորատեսակներ լուծարվեցին, և այժմ որպես առանձին զորատեսակ Վրաստանում հանդես են գալիս միայն ցամաքային ուժերը: Նման պայմաններում Միասնական շտաբի գոյությունն անտրամաբանական է թե՛ Սահմանադրության դրույթների և թե՛ իրական կացության տեսանկյունից», - «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում նշել է պատգամավորը:

Նրան հակադարձելով` Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը` պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, երկրի ռազմական գերատեսչության ներկայիս ղեկավար Իրակլի Ալասանիային մեղադրել է բանակաշինության ողջ տրամաբանությունը խեղաթյուրելու մեջ: «Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ բացատրություն տա` արդյոք անվանափոխությամբ նաև անցում է կատարվում զորքերի կառավարման ամերիկյան տարբերակից զուտ խորհրդային-ռուսականին», - ասել է Շաշկինը:

Վրացական աղբյուրների համաձայն՝ Գլխավոր շտաբի վերստեղծման որոշումը կկայացվի արդեն առաջիկա օրերին: Մինչ այդ, սակայն, արդեն հայտնի է, որ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը կստանձնի ամենափորձառու վրաց գեներալներից մեկը` Վախթանգ Կապանաձեն:

Թբիլիսցի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլիի խոսքով՝ Կապանաձեն կարողանում է համադրել տեսական գիտելիքները իրական մարտական փորձի հետ: «91-92 թվականներից սկած Կապանաձեն մասնակցել է բոլոր մարտական գործողություններին: Բացի այդ, նա բարձրագույն ռազմական կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում, ապա նաև եվրոպական մի շարք երկրներում», - նշել է վրաց փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG