Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն մտահոգված է ՄՄ-ի շուրջ գործընթացների անորոշությամբ


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան

Դաշնակցությունը դժգոհություն և մտահոգություն ունի Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության առնչությամբ։

Չորեքշաբթ լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ընդգծեց՝ իրենց մտահոգության պատճառը անորոշությունն է, քանի որ գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկություններ չեն տրվում, իսկ դա «որևէ լավ բանի նշան չէ»:

«Անորոշությունը դժգոհության առիթ է նաև, որովհետև այս պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, դրա համար էլ անհրաժեշտ է, որ հստակ լինի, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Իշխանության մի մասը հանձնելու խնդիրը պետք չէ շահարկել, իրականում որևէ միության մաս կազմելուց կամավոր ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է, բայց դա պետք է արվի բոլորի կողմից, այսինքն այդ միության անդամ բոլոր պետությունները պետք է նույնքան հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից։ Եվ ուրեմն եթե այդպես չի լինելու, և այստեղ կրկին անորոշություն կա, ապա խնդիր կա»,- ասաց Մանոյանը։

ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, թե իրենք սկզբունքորեն դեմ չեն Մաքսային միությանը կամ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրին, սակայն այդ գործընթացները պետք է թափանցիկ լինեն:

«Բայց միաժամանակ որ ասում են՝ շտապում ենք, փետրվարին արդեն ինչ-որ բաներ պատրաստ կլինեն և այլն, դա էլ անհանգստություն է պատճառում, որովհետև այդ անորոշությունը որևէ լավ բանի նշան չէ»,- ասաց Մանոյանը։

Երկու տարի առաջ՝ 2011 թվականի օգոստոսին, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, ինչի «հետևանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել ևս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:

Այսօր Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են մտածում Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում գործող ՀՅԴ կառույցները Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ:

Մանոյանը արձագանքեց, թե քանի որ անորոշություն է տիրում Մաքսային միության անդամակցության հետ կապված, ուստի դա բավարար պատճառ է, որ «կուսակցության կեցվածքի մեջ վերջնական հստակություն չլինի»:

ՀՅԴ ներկայացուցիչն անդրադարձավ նաև նոյեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանը և այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք այցին Հայաստան:

«Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-որ վտանգներ պարունակել, դա այդպես է, դրա համար էլ ասում եմ, որ մենք մինչև Պուտինի Երևան գալը պետք է տեսնենք, թե Սանկտ Պետերբուրգում Էրդողանն ու Պուտինը ինչի մասին կխոսեն։ Այդ երկու պետությունների այնքան են սերտացել և սերտանում, որ անպայման դա իր քաղաքական կողմն էլ կունենա, այսինքն սերտ քաղաքական հարաբերություններ, ինչը կարող է ազդել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա բացասական իմաստով»,- ասաց Մանոյանը։
XS
SM
MD
LG