Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանը հանդիպեց բելառուսցի, ղազախ գործընկերներին


Հայաստանի և Բելառուսի վարչապետների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստանի և Բելառուսի վարչապետների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 20-ը նոյեմբերի, 2013թ․

Բելառուսական կողմը աջակցում է Մաքսային միությանը անդամակցության գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Մյասնիկովիչը ողջունել է ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի նախաձեռնությունը:

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին նախորդած հանդիպմանը Սարգսյանը նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Նրա խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների մոտ, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի և որակյալ գյուղտեխնիկա:

Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական կապերին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանից արտահանումը Բելառուս 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 15 տոկոսով: Երկու երկրների վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների հետագա ավելացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Հայաստանի վարչապետը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է նաև Մաքսային միության մեկ այլ երկրի՝ Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ - ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան - Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ախմետովը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG