Մատչելիության հղումներ

Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանը Մաքսային միությանը չի միանա։

Իր այս գնահատականի համար Նավասարդյանը մատնանշում մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Մաքսային միությունը չկայացած կառույց է: Բացի այդ, Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգողի խոսքով՝ ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը երջանիկ չեն Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հանգամանքով:

«Ասվել է նաև՝ հիմա մոռացել են շատերը այդ մասին, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության երկրների հետ, և այդ մաքսազերծման խնդիրը բավականին լուրջ է դառնում», - փաստում է նա:

Մյուս կողմից, Նավասարդյանը կարևորում է նաև Հայաստանի հասարակության դիրքորոշումը, որը հատկապես վերջին շրջանում առավել կտրուկ բնույթ է ստացել․ - «Մեր հասարակության տարբեր շրջանակներ և՛ քաղաքական մակարդակով, և՛ այլ, դժգոհություն են հայտնում այդ որոշումից: Եվ եթե անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո այդ դժգոհությունը հայտնում էին հիմնականում, այսպես ասենք, պրո-եվրոպական շրջանակները, ապա վերջին օրերին մենք տեսնում ենք դժգոհություններ նաև նրանց կողմից, ովքեր ընդհանրապես չէին երազում Ասոցացման համաձայնագրի մասին, բայց մտածում են և մտահոգված են երկրի ինքնիշխանության հարցերով»:

Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Հայաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Մինչդեռ Ասոցացման համաձայնագրի ստորագրում Եվրամիության հետ չի լինի։ Նավասարդյանն անընդունելի է համարում այդ օրերին Հայաստանի իշխանությունների և Եվրամիության միջև ցանկացած փաստաթղթի ստորագրում․ - «Այսինքն, նոյեմբերի 29-ին հայտարարեն, որ մենք շատ լավ բանակցել ենք, դա բոլորին խաբել է նշանակում՝ և՛ Հայաստանի հանրությանը, և՛ Եվրամիության հանրությանը, և՛ ամբողջ աշխարհին»:

Ազգային պլատֆորմը, հիշեցնենք, ձևավորվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի շրջանում՝ համախմբելով հայաստանյան հասարակական կազմակերպություններին իշխանությունների հետ երկխոսելու բարեփոխումների օրակարգի շուրջ։ Պլատֆորմի ազգային համակարգողը հայտարարում է, թե իրենք կշարունակեն իշխանությունների հետ երկխոսությունը ժողովրդավարական բարեփոխումների համար։
XS
SM
MD
LG