Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Երևանի ժամանակով ժամը 14.00-ին սկսվեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը լրագրողների համար փակ էր։

Լրագրողներին միայն թույլ տվեցին ներս մտնել այն սենյակ, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կանգնեցին կողք կողքի և լուսանկարվեցին։ Նրանք զրուցում էին, բայց ձեռքսեղմում այդպես էլ չեղավ։

Մոտ երկու ժամ տևած բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում «նորմալ» գնահատեց դրանք։

Նախագահների այս հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ շուրջ երկու տարի Ալիևն ու Սարգսյանը չեն հանդիպել, և ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ըստ էության մտել էր փակուղի, որտեղից թվում էր, թե այլևս ելք չկա։ Բավականին լարված իրավիճակ է նաև ստեղծվել սահմանին, որտեղ հակառակորդի կրակոցները սովորական երևույթ են դարձել, իսկ վերջերս էլ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել էր 19-ամյա մի ժամկետային զինծառայող, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել նրա հասակակից երեք ժամկետային զինծառայողներ։

Եվ այժմ բոլոր կողմերը, Մինսկի խմբի համանախագահները շահագրգռված են, որ երկու նախագահները վերջապես հանդիպեն։ Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանին էր զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Ինչպես փոխանցել է նախագահի մամուլի ծառայությունները, երկու կողմերն էլ համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։ Ամերիկյան կողմը հորդորել էր հայկական կողմից լուծումներ գտնել։

Նոյեմբերին էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր նամակ ուղարկել Իլհամ Ալիևին՝ հորդորելով նրան բաց չթողնել պատմական հնարավորությունը և օգտագործել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը՝ հակամարտության կարգավորման համար։ Նաև ռուսական կողմն է հորդորում Հայաստանին և Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ։ Եվ չնայած այս հորդորներին առայժմ առաջընթացի որևէ ռեսուրս չկա։

Վիեննայում կայացած Սարգսյան - Ալիև հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․ - «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG