Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը «չի կարող» հակասության մեջ մտնել Ադրբեջանի հետ


Հայաստան - Զինծառայողները շարք են կանգնում Երևանի մերձակայքում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին ընդառաձ, արխիվ, 15-ը սեպտեմբերի, 2012թ․

Հայաստան - Զինծառայողները շարք են կանգնում Երևանի մերձակայքում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին ընդառաձ, արխիվ, 15-ը սեպտեմբերի, 2012թ․

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնական Վլադիմիր Նիկիշինի խոսքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի կարող հակասության մեջ մտնել հետխորհրդային որևէ երկրի հետ:

«Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, այսպես ասենք, մի կողմից մեր դաշնակիցն է՝ Հայաստանը, բայց մյուս կողմից էլ մեր գործընկերն է: Մենք չենք կարող դե ֆակտո, անգամ դե յուրե հակասությունների մեջ մտնել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ: Դեռ ավելին՝ եթե մենք նման կերպ՝ [զինտեխնիկայի վաճառքի միջոցով], կապերի մեջ լինենք պետությունների հետ, կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ նրանց քաղաքականության վրա: Ընդ որում, ազդեցություն ունենալ արդյունավետ, խաղաղ միջոցներով:», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց գեներալ-մայոր Նիկիշինը, ով այսօր Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ հովանու ներքո անցկացվող համաժողովին:

Գեներալ֊մայորը հավելեց․ - «ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը ծագեց մեր դարաշրջանի մեծագույն ողբերգությունից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո»:

Հիշեցնենք՝ Հայաստանը 20 տարուց ավելի հանդիսանում է Ռուսաստանի գլխավորությամբ գործող ռազմաքաղաքական կառույցի անդամ, իսկ մեր երկրի Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական բաղադրիչներն են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ Հայաստանը շարունակում է գտնվել փաստացի պատերազմական վիճակում: Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում միայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 200 անգամ, իսկ յուրաքանչյուր տարի հայկական կողմը բազմաթիվ զոհեր է ունենում՝ ադրբեջանցիներին հետ սահմանային բախումների հետևանքով:

Ամռան ընթացքում հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մի քանի միլիարդ դոլարի հարձակողական բնույթի զենք-զինտեխնիկա է վաճառել Ադրբեջանին և որ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցությունը հասել է 4 միլիարդ դոլարի: Այսպիսով՝ Ռուսաստանը դարձել է Ադրբեջանին զենք-զինտեխնիկա վաճառող թիվ մեկ երկիրը:

«Մենք Հայաստանի Հանրապետության հետ դաշնակիցներ ենք՝ ըստ պայմանագրի, բայց մենք Ադրբեջանի հետ թշնամության կամ հակամարտության մեջ չենք: Ադրբեջանը մեր գործընկերն է, ԽՍՀՄ նախկին դաշնակցային հանրապետությունն է: Ուստի, կան այնպիսի կապեր՝ Ադրբեջանի խնդրանքով, որոնք ուղղված են սեփական պաշտպանության ապահովմանը արտերկրից: Աստված հեռու պահի, սա ուղղված չէ Հայաստանի դեմ», - ասում է Նիկիշինը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ավագ օգնականը փոխանցեց, թե այսօր «բարձր մակարդակով» քննարկվում է Եվրասիական միության մեջ ՀԱՊԿ-ի ինտեգրման հարցը՝ որպես ստեղծվելիք միության ռազմական բաղկացուցիչ:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի Ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով ձեռնամուխ լինելով տնտեսական, քաղաքական ու ռազմական նման ինտեգրացիային Եվրասիական միության ներքո, Մոսկվան ուղղակի նպատակ ունի ստեղծել «իրենից կախվածության մեջ գտնվող գոտի»․ - «Որի բոլոր ուղղություններով որոշումների վրա Ռուսաստանը ստանում է մենաշնորհ, սակայն պատասխանատվություն չի կրում այդ գոտու տնտեսական, սոցիալական և այլ հարցերի լուծման առումով»:
XS
SM
MD
LG